Օգոստոսի 29-ից մեկնարկած Վենետիկի կինոփառատոնի հաղթողի անունը հայտնի կդառնա այսօր՝ Երևանի ժամանակով 21.00-ին:
Մրցութային ծրագրում տեղ էին գտել ավելի քիչ թվով ֆիլմեր, քան նախորդ տարիներին: Կինոփառատոնի ներկայիս ղեկավար Ալբերտո Բարբերան ընտրել էր միայն 18 ֆիլմ:
Առավել շատ աժիոտաժ էր հարուցել երկու ժապավեն՝ Փոլ Թոմաս Անդերսոնի «Վարպետը» ու Հարմոնի Կորինայի սադրիչ Spring Breakers-ը:
Կինոփառատոնի բացման արարողությունը կայացել է Լիդո կղզում:
Մրցանակներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝ մրցանակ լավագույն դեբյուտի համար, «Օզելլա» մրցանակ՝ օպերատորական ու սցենարական աշխատանքի համար, Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակ՝ դերասանական լավագույն դեբյուտի համար, Վոլպի մրցանակներ տղամարդու ու կնոջ լավագույն դերակատարման համար, ժյուրիի մրցանակ. «Արծաթե առյուծ»՝ լավագույն ռեժիսուրայի ու «Ոսկե առյուծ»՝ լավագույն ֆիլմի համար:
Հաղթողի անունը հայտարարելուց հետո կցուցադրվի Ժան-Պիեռ Ամերիի «Մարդը, որը ժպտում է» ֆիլմը:










































