Հանրապետական Արթուր Հարությունյանը (Պալաչ) «Հայկական ժամանակ»-ին որոշ մանրամասներ է ներկայացրել իր և իր քավորի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից: Հարությունյանի ու Ծառուկյանի հարաբերությունները, հիշեցնենք, խիստ սրվել էին: ԲՀԿ նախագահի Աբովյան-Երևան երթուղու ավտոբուսները սնանկացման եզրին էին հասցրել Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի վարորդները ամռանը գործադուլի էին դուրս եկել` սպառնալով նաև փակել Աբովյան-Երևան մայրուղին: Հարությունյանը, որ դիմել էր Սերժ Սարգսյանին, վարչապետին, տնտեսական մրցակցության հանձնաժողովին` խնդրելով պարզել, թե ինչու Ծառուկյանը բարեգործական երթուղի չի բացում իր փեսայի և մյուս մերձավորների երթուղիների ուղղությամբ, երկրից հանել էր իր ընտանիքին, և Աբովյանում լուրջ իրադարձությունների էին սպասում:
– Պարոն Հարությունյան, դուք, ի վերջո, Գագիկ Ծառուկյանի հետ հաշտվե՞լ եթ, թե` ոչ: Տեղեկություններ կային, որ Գագիկ Բեգլարյանն է ձեզ հաշտեցրել, դուք ներողություն եք խնդրել ԲՀԿ նախագահից, բայց հիմա էլ այնպիսի տպավորության է, որ չեք հաշտվել:
– Ներողություն խնդրում են սխալ բանի համար: Եթե ես սխալ բան անեմ, ես կարող եմ դուրս գալ, հրապարակի մեջտեղը կանգնել, ներողություն խնդրել ու վատ չեմ զգա դրանից: Բայց ես սխալ բան չեմ արել, ես ներողություն ոչ մեկից չեմ խնդրել ու չունեմ խնդրելու: Իսկ ինչ վերաբերում է հաշտվելուն, մենք հաշտվել ենք, այո: Մենք ձեռք ձեռքի տվել ենք, շատ նորմալ իրարից բաժանվել ենք:
– Որտե՞ղ եք հանդիպել, եթե գաղտնիք չէ:
– Չէ, գաղտնիք չի, հանդիպել ենք Կոնյակի գործարանում:
– Գագիկ Բեգլարյանն է՞լ է ներկա եղել:
– Չէ, Գագիկ Բեգլարյանը ներկա չի եղել:
– Բայց ինքն է միջնորդ հանդիսացել, չէ՞:
– Չէ, միջնորդ հանդիսանալու կարիք չկա, Գագիկ Բեգլարյանը ուղղակի ամեն ջանք չի խնայում, որպեսզի այս տրանսպորտի անհասկանալի վիճակն ինքը ուղղի:
– Լավ, հիմա, փաստորեն, դուք հանդիպել եք, հաշտվել եք, բայց էլի ինչ-որ լարվածություն է նկատվում, բարեգործական ավտոբուսներն էլի կան, նաև տեղեկություն ստացանք, որ ձեր ֆուտբոլի ակումբն էլ եք փակել: Սա ինչպե՞ս հասկանանք: Այսինքն, խախտվե՞լ է ձեր պայմանավորվածությունը, ի՞նչ է տեղի ունեցել:
– Իմ կողմից ոչ մի բան չի խախտվել, կարճ եմ ասում:
– Փաստորեն, Ծառուկյանի կողմի՞ց է խախտվել:
– Ես ասում եմ` իմ կողմից ոչ մի բան չի խախտվել:
– Տեղեկություն կար, որ բարեգործական ավտոբուսները հանվել են գծից, մի քանի օր դրանք իսկապես չէին երևում, բայց հիմա նորից կան:
– Բարեգործական ավտոբուսները ոչ մի անգամ չեն հանվել, դրանք միշտ էլ աշխատել են և շարունակում են աշխատել, հակառակը` ավելի մեծ ծավալով:
– Փաստորեն, Ծառուկյանն է խախտել պայմանավորվածությունը:
– Դե, ես այդպիսի բան չասացի:
– Ձեր ընկերության վարորդները գործադուլ էին սկսել մի կերպ նրանց հանդարտեցրիք, հիմա էլի վնասո՞վ է աշխատում «Քինգ դե Լյուքսը»: Հիմա ի՞նչ եք անելու, այդպես շարունակելու եք համակերպվե՞լ այս ամենին:
– Շարունակում ենք, փորձում ենք համերաշխ հարցի լուծումը գտնել, ինձ թվում է` կգտնենք:
– Ո՞րն է այդ լուծումը, եթե ձեր հանդիպումից հետո ոչինչ չի փոխվել:
– Դե, հիմա ժամանակը ցույց կտա, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Մենք հաշտվել ենք, պարոն Ծառուկյանը խոստացել է աստիճանաբար մեքենաները հանի, չնայած հաշտվելուց հետո քանակը 7-ով ավելացրել է: Սպասում եմ իր խոստման կատարմանը:
– Մի պահ տեղեկություն եղավ, որ ձեր ընտանիքին ու մերձավորներին եք երկրից հանել, և իրավիճակն այնպիսին է, որ կարող է արյունահեղություն լինի, իսկապես այդպես սրվա՞ծ էր վիճակը:
– Ես ոնց որ միշտ ասել եմ` մարդկանց մականունները հակառակ էֆեկտ են տալիս, ես արյունահեղության կողմնակից չեմ:
– Լավ, հիմա ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:
– Այս հարցը լուծվելու է շատ համերաշխ ճանապարհով, համենայնդես, իմ ձգտումն է, իմ տեսակետն է, որպեսզի լուծվի նորմալ, մարդկային ճանապարհով: Ես միշտ էլ ասել եմ` մարդիկ ուզում են հանգիստ ապրել, բոլորն էլ իրենց ունեցածը, աշխատածը հասցնեն վայելեն:
– Այսինքն, առայժմ գործադուլներ չե՞ն լինի:
– Գործադուլներ ընդհանրապես թույլ չեմ տա, որ լինեն:
– Խիստ հավաստի տեղեկություններ կային, որ դուք Աբովյանի քաղաքապետի թեկնածու էիք առաջադրվելու, ինչո՞ւ չառաջադրվեցիք, և ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ձեր առաջադրման այդ «դաբրո» կոչվածը չտվեց:
– Նախագահի անունը պետք չի ստեղ տալ, որովհետև դա տեղին չէ, իմ իմանալով` նա առաջադրվելու «դաբրո» չի տալիս, դեմոկրատիա է, ով որտեղ ուզում է, առաջադրվում է:
– Ասենք թե’… բայց ինչո՞ւ չառաջադրվեցիք:
– Առայժմ նման մտադրություն չունեմ:
– Բայց ունեցել եք, չէ՞:
– Դե, իհարկե, որ ասեմ` չեմ ունեցել, սուտ է, բայց հետո մտքափոխվել եմ:
– Ինչո՞ւ:
– Երևի ժամանակը չի:
– Միգուցե ձեր հանդիպումը այս փուլում հատուկ կազմակերպվեց, որ դուք չառաջադրվեք և չխանգարե՞ք Ծառուկյանի փեսային, որպեսզի նա սեպտեմբերի 23-ին կրկին հանգիստ դառնա Աբովյանի քաղաքապետ:
– Այդ հանդիպումը կազմակերպելու մեջ ես էլ եմ ջանք ունեցել, ես էլ եմ հանդիպում ուզել, որպեսզի մեր հարցերը լուծենք: Այնպես որ, այստեղ բան չկա, որ մեկը մեզ հանդիպացնի, որ խնդիր լուծվի: Ես էլ եմ ուզել հանդիպել, լավ ճանապարհ գտնենք, մեր հարցերը հարթենք, բոլորս հաշտ ու համերաշխ ապրենք, բոլորս էս երկրի քաղաքացի ենք:
– Բայց, փաստորեն, չի ստացվում լուծել այդ հարցը:
– Հարցը կլուծվի, չլուծվող հարց չկա:
– Դուք հիշո՞ւմ եք, որ մեր առաջին զրույցում ասացիք` խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աբովյանում ՀՀԿ ն է հաղթելու: Դուք շատ վստահ էիք, բայց ՀՀԿ-ն ձեզ չաջակցեց, ի՞նչն էր խնդիրը, ինչո՞ւ այդպես եղավ: Ընդհակառակը, ձեզ կուսակցական նկատողություն տվեցին Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտությունների համար:
– Այդպիսի հարցեր մի տվեք ինձ:
– Ես ձեզ նաև հարցրել էի` դուք մտահոգություն չունե՞ք, որ վերջում Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը հաշտվելու են, և դուք եք արդյունքում տուժելու:
– Ես կողմ եմ, որ բոլորն էլ հաշտվեն, եթե հաշտված չեն, այս երկիրը ոտքի կանգնի, մենք շահենք:
– Ուզում եք ասել` հաշտվա՞ծ են:
– Ինչու հաշտված չե՞ն որ… ես չգիտեմ, հավատացեք, ես քաղաքականության մեջ չեմ, ես սովորական, հասարակ տղա եմ, երկու հատ գործ եմ անում:
– Ինչո՞ւ փակեցիք ձեր ֆուտբոլի ակումբը:
– Ֆուտբոլի ակումբը բացել եմ անցյալ տարի դեկտեմբերին, բավական լավ հաջողություններ կային, ուղղակի ֆինանսական պատճառներով ես չկարողացա հովանավորել, և ակումբը փակվեց:
– Էլի կապ ուներ բարեգործական երթուղիների հե՞տ:
– Այո, դե, ֆինանսական նեղություն է տալիս դա ինձ, չկարողացա հովանավորել, փակեցի:
– Էլ չե՞ք բացելու:
– Չէ, չեմ բացելու ընդհանրապես, բայց Աբովյանում 150 աշակերտ էր պարապում` անվճար, 40 մարզիկ էի վարձատրում, բոլորն մարզահագուստով ապահովել էի, նորմալ թիմ էր, շատ լավ մարզիչ, շատ լավ անձնակազմ, բայց, ցավոք, այսպես ստացվեց. և թողնեմ ժողովրդի դատողությանը, թե բարեգործությունը որն է:









































