ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը նոր ընկերուհի ունի: Այս մասին այսօր հաղորդել է France Presse գործակալությունը՝ հղում անելով VSD հրատարակությանը, որը հրապարակել է զույգի լուսանկարները:
Ստրոս Կանի նոր ընկերուհու մասին հայտնի է միայն, որ նրա անունը Միրիամ է, նա մոտ 40 տարեկան է, ամուսնացած չէ և ֆրանսիական խոշոր հեռուստաընկերություններից մեկում բարձր պաշտոն է զբաղեցնում: Լուսանկարներում զույգը լուսանկարված է Կորսիկայում:
Օգոստոսի վերջին Parisienne պարբերականում հրապարակված հարցազրույցում Դոմինիկ Ստրոս Կանի կինը` Huffington-ի ֆրանսիական տարբերակի գլխավոր խմբագիր Անի Սանկլերը, հաստատել էր, որ նրանք բաժանվել են:
Ստրոս Կանը Անի Սանկլերի հետ ամուսնացած է եղել 20 տարի: 3 տարի զույգն անցկացրել է Վաշինգտոնում, որտեղ նա ղեկավարում էր ԱՄՀ-ն: 2011 թվականի մայիսին Ստրոս Կանը հեռացվել է պաշտոնից սեքսուալ սկանդալի պատճառով:










































