Սկանդալային ֆոտոլրագրողն իր բլոգում հրապարակել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սարդինյան առանձնատան լուսանկարները: Այս մասին գրում է Պաոլո Բերիցին La Repubblica թերթում հրապարակված հոդվածում:
Ստորգետնյա թունել՝ Ջեյմս Բոնդի ոճով, քարանձավ «նավամատույցով»՝ առանձնատան տարածքում, «պահեստային մուտք», որով հնարավոր է փախչել ահաբեկչության դեպքում: Թունելը լուսավորված է, կամարները զարդարված են խճանկարով՝ հռոմեական կայսրության ոճով, երևում են աստիճաններ և կամրջակներ: Այդ ամենը ֆիքսել է ֆոտոլրագրող Անտոնելլո Զապադուն: 2004 թ. Բեռլուսկոնին պատմել է, որ գաղտնի ծառայություններն են իրեն խորհուրդ տվել նման միջոցներ ձեռնարկել իր հասցեին հնչած 38 սպառնալիքներից հետո:
Ֆոտոլրագրողը, որը 2009 թ. հրապարակել էր վարչապետի առանձնատանը նրա խրախճանքների սկանդալային լուսանկարները, այժմ ապրում է Կոլումբիայում: Իր էջում տեղադրելով ստորգետնյա թունելի նոր լուսանկարները՝ նա հարցադրում է կատարում. «Հետաքրքիր է իմանալ՝ հատուկ թույլտվություն կա՞ թունել ունենալ ժայռերում: Համոզվա՞ծ ենք մենք, որ այդ խճանկարը չի փոխել ծովի հատակը»:
Հայտնի է, որ ստորջրյա աշխատանքները սկսվել են 2004 թ., երբ կառավարության հրամանով առանձնատունը դարձավ «Նախարարների կաբինետի ներկայացուցիչների առավելագույն անվտանգությունը ապահովող այլընտրանքային նստավայր»:















































