Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրել է Վրաստանում հասարակական կարծիքի հետազոտման վերաբերյալ անցկացրած հերթական հարցախույզի արդյունքները: Այս մասին հայտարարել է NDI-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հարցախույզն անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում: Հարցախույզին մասնակցել է 2038 մարդ: Հարցախույզի մասնակիցները պատասխանել են «Եթե վաղը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության օգտին կտայիք ձեր քվեն» հարցին:
37 տոկոսը նշել է իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, 12 տոկոսը՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան, 3 տոկոսը՝ Քրիստոնյա-դեմոկրատներին: 21 տոկոսը հրաժարվել է պատասխանել այս հարցին:
NDI-ի թբիլիսյան գրասենյակի ղեկավար Լուիս Նավարոն հայտարարել է, որ օգոստոսին իշխող կուսակցության վարկանիշը, հունիսի հետ համեմատ, մնացել է նույնը՝ 37 տոկոս, մինչդեռ «Վրացական երազանքի» վարկանիշը 18 տոկոսից նվազել է մինչև 12 տոկոսի:
Հարցախույզի մասնակիցները պատասխանել են նաև «Եթե վաղը լինեին նախագահական ընտրություններ, ո՞ւմ օգտին կտայիք ձեր քվեն» հարցին: 27 տոկոսը նշել է, որ իր քվեն կտա իշխող կուսակցության թեկնածուի օգտին, իսկ 12 տոկոսը՝ «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուի օգտին:









































