2011-2012 ֆինանսական տարին (հուլիս 2011- հունիս 2012) Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) համար բավականին հաջող էր: Գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ԵԿԳ-ն, նախորդ տարվա համեմատ, վաճառքի 33%-ից ավելի աճ է արձանագրել, արտահանման ծավալները աճել են ավելի քան 30%-ով: Արտահանումը նախորդ տարվա 2.6 մլն լիտրից դարձել է 3.4 մլն լիտր, տեղական վաճառքը՝ 1.06 մլրդ դրամից` 1.5 մլրդ դրամ, և գործարանի մաքուր շահույթն ավելացել է` 2.4 մլրդ դրամից դառնալով 5 մլրդ դրամ:
«Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսները նույնպես խոստումնալից են, որովհետև նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 240 հազար լիտրից հասել ենք 640 հազար լիտր վաճառքի»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նա նշեց, որ ԵԿԳ-ի այլ շուկաները չեն մեծացել, պարզապես, երբ ռուսական շուկայում վաճառքի ծավալները նվազեցին, ավելացավ մյուսների տեսակարար կշիռը:
Անդրադառնալով չինական շուկային՝ Ա. Գրիգորյանը այն բնորոշեց որպես «առեղծվածային մի բան» և հավելեց. «Չինաստանում պետք է 20-25 տարի ինտենսիվ աշխատենք` բնակչության 1%-ին բացատրելու համար, թե Հայաստանն ինչ է և որտեղ, դե, պատկերացրեք` ինչքան է անհրաժեշտ` բացատրելու համար, թե հայկական կոնյակն ինչ է և ինչ է «Արարատը»: Բավականին բարդ պրոցես է: Ի՞նչ կարող է լինել. մի չինական գյուղ կարող է որոշել մի երկու ավտո «Արարատ» գնել, դրանից բացի` ոչ մի բան չի կարող լինել»:








































