Սպիտակ տունը ահաբեկչական է համարում Աֆղանստանի և Պակիստանի տարածքներում գործող «Հակկանիի ցանց» իսլամիստական խմբավորումը և այն ներառում է իր սև ցուցակում: Ինչպես հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, պաշտոնապես այդ մասին կհայտարարվի այսօր ավելի ուշ:
ԱՄՆ-ը «Հակկանի ցանց»-ին մեղադրւմ է մի շարք հարձակումների, այդ թվում՝ Քաբուլում իր դեսպանատան վրա հարձակման մեջ:
«Հակկանի»-ն սև ցուցակում ներառելու մասին որոշումը, ըստ պարբերականի, ձգձգվում էր, քանի որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում էին, որ խմբավորման և նրա հետ կապված անձանց վրա պատժամիջոցների սահմանումը կհանգեցնի Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև սպառնալիքի տակ կդնի պատանդների կյանքը: Խմբավորումը «սև ցուցակի» մեջ ներառելու կողմնակիցները կարծում են, որ դա կստիպի Իսլամաբադին առավել ակտիվ պայքար սկսել իսլամիստների դեմ պայքարում:
«Հակկանի»-ն «սև ցուցակում» ընդգրկելը քննարկվում էր երկու տարի: 2011 թ. սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ այդ հարցը գտնվում է վերջնական փուլում, սակայն մինչ այժմ որոշում չի ընդունվել:
Խմբավորման ճանաչումը՝ որպես ահաբեկչական, նշանակում է, որ նրանց հաշիվները, ովքեր այս կամ այն կերպ կապված են ցանցի ահաբեկիչների հետ, կսառեցվեն, իսկ նրանք, ովքեր որևէ օգնություն կցուցաբերեն ցանցի անդամներին, կպատժվեն քրեական հետապնդմամբ:
«Հակկանի ցանցը» նման անվանմամբ հիշատակվում է 2000-ականներից: Համարվում է, որ խմբավորումը պատկանում է մոջահեդների դաշտային հրամանատար Ջալալուդդին Հակկանիի ջոկատներին:










































