Մոսկվայում հակված չեն դրամատիզացնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությունը՝ նրա ռուսաստանյան քաղաքականության առիթով: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ես չէի գերագնահատի ռուս-ամերիկյան հարաբերությունների այս կամ այն միտումները. դրանք չէի կաղապարի կոնկրետ անձերի վրա: Մենք միշտ գործ ունենք փաստերի համակցության հետ ու չենք ցանկանում դրամատիզացնել ինչ-որ առանձին հայտարարություններ, թեև իհարկե, բոլոր հայտարարություններին ուշադիր հետևում ենք ու մանրազնին ուսումնասիրում»,- ասել է Ռյաբկովն Interfax-ին տված հարզացրույցում:
Ռյաբկովը հայտարարել է, որ շատ բան կախված է նրանից` արդյոք նա կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը:
Նա մեկնաբանել է նաև Ռոմնիի հայտարարությունն այն մասին, որ ինքը կարող է աջակցել իրանական խնդրի ուժային որոշմանը: «Ինձ թվում է, որ ԱՄՆ-ի քաղաքական գործիչների շրջանում, ընդ որում՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ի դեմս Իրանի, ձևավորվել է թշնամու կերպար: Ցավոք, նման կարգի կարծարատիպերը կարող են անդունդ տանել: Մենք ունենք անցյալի բազմաթիվ օրինակներ, երբ հիմնվելով կեղծ պատկերացումների վրա, կայացվում էին հեռուն գնացող, չափազանց վտանգավոր որոշումներ: Այդ իսկ պատճառով հարկավոր է իրերին նայել սթափ` առանց զգացմունքներին տուրք տալու»,- ընդգծել է նա:








































