Չինաստանի պաշտպանության նախարար Լյան Գուանլեն Հնդկաստան կատարած վերջին այցի ընթացքում իրեն տեղափոխող օդաչուներին 2000 դոլարին համարժեք թեյավճար է թողել: Այս մասին հաղորդում է The Hindu պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի: Լյան Գուանլեն և նրա պատվիրակությունը Մումբայից պետք է մեկնեին Նյու Դելի: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բարձրաստիճան հյուրերի տեղափոխման հարցը վստահվել էր Հնդկաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներին: Ըստ ամենայնի՝ Լյանը գոհ է մնացել օդաչուների աշխատանքից և նրանցից յուրաքանչյուրին ծրարով գումար է տվել:
Երբ օդաչուները բացել են ծրարները, դրանից յուրաքանչյուրում հայտնաբերել են 50 հազար ռուփի (900 դոլար): Նշվում է, որ Հնդկաստանի դիվանագիտական արձանագրությունը արգելում է բարձրաստիճան հյուր տեղափոխող օդանավի անձնակազմի անդամներին նրանցից դրամական պարգև ընդունել: Որպես կանոն՝ միջազգային պատվիրակության անդամներն իմանում են դրա մասին և նախընտրում են անձնակազմի անդամներին նվիրել ոչ թանկ հուշանվերներ:
«Չինացի նախարարը, ամենայն հավանականությամբ, բավարար չափով ծանոթ չի եղել Հնդկաստանում հյուրերի ընդունման կանոնակարգի հետ»,- գրում է պարբերականը: Առատ թեյավճարը կփոխանցվի Հնդկաստանի պետական գանձարան:
Լյանի այցը Հնդկաստան սկսվել է երկուշաբթի և շարունակվել 4 օր:










































