ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին:
Ողջունելով պարոն Բարթոնի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջև գտնվում են բարձր մակարդակի վրա և Հայաստանն ու ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում: ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել և առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առևտրատնտեսական և կրթամշակութային ոլորտներում:
Կարևորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը` Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները ջանք չեն խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ այս տարի լրացավ հայ -ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաև այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին և Արցախին:
Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` ԱԺ նախագահը նշեց, որ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային կոնվենցիաներին, այնպես էլ բոլոր բարոյական նորմերին, և զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին և բանակցային գործընթացին:
ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել այդ նենգ արարքը դատապարտող հայտարարությամբ և այն ուղարկել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին և ազգային խորհրդարաններին` առաջարկելով դատապարտել այդ սոսկալի երևույթը և գործուն քայլեր դրսևորել այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականը նշեց, որ ԱՄՆ մեծ կարևորություն է տալիս էլ ավելի զարգացնելու և խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով: Պարոն Բարթոնը շեշտեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարևորությունը` առաջարկելով ակտիվացնել պատգամավորների շփումները տարբեր ձևաչափերով: Նա կարևոր է համարել փոխայցերի աշխուժացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը: Անդրադառնալով վերջին իրադարձություններին` ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Հունգարիայի և Ադրբեջանի աննախադեպ արարքը և պատրաստակամություն հայտնեց վերադառնալուն պես ՀՀ ԱԺ հայտարարությունը հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:











































