ԱԺ ՀՀԿ խմբակցութան անդամ Արտակ Դավթյանն ասօրվա ասուլիսում անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հայաստանի ԱԺ հայտարարությանը` ասաց, որ այն բավականին կուռ փաստաթուղթ էր:
ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, սակայն, հակառակը պնդեց: «Ես նույնիսկ մի քանի անգամ կարդացի՝ փորձելով փարատել անհանգստությունս՝ արդյոք դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Բայց տպավորությունս միանշանակ այն է, որ հերթական անատամ, գրեթե անասելիք, հերթական դատապարտող հայտարարությունն է՝ թույլ քաղաքական բառապաշարով»,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նրա խոսքով՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթը նույնպես բացարձակապես ոչինչ չասող էր: Այնինչ, Լիլիթ Գալստյանի կարծիքով, վերջին դեպքը քաղաքական և բարոյական մեծ պոտենցիալ ունի:
«Այս իրադարձությունը ներքին և արտաքին քաղաքականության առումով մեզ լրջագույն գործողություններ իրականացնելու դուռ է բացում: Եթե մենք կարողանանք օգտվել դիվանագիտական զինանոցից, կարողանանք օգտվել քաղաքական զինանոցից, կարող ենք քաղաքական դիվիդենդներ շահել»,- ասաց նա:
Լիլիթ Գալստյանը նաև նշեց, որ նախապես իմանալու դեպքում կարող էինք Սաֆարովի` մինչ օդանավ նստելը մեր դիվանագիտական զինանոցն օգտագործել միջազգային կառույցներում և կանխել տեղի ունեցածը: «Սա բոլորիս թերացումն է, մենք այսքան անփույթ լինելու իրավունք չունեինք»,- ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի արտգործնախարարությունը նման անակնկալ է մատուցում: Արտգործնախարարության` անակնկալներ մատուցելու ձեռագիրը, ըստ Լիլիթ Գալստյանի, հայտնի է դեռևս հայ-թուրքական արձանագրություններից:
Ի պատասխան` Արտակ Դավթյանը նշեց, որ եթե ԱԺ-ն այդ ճանապարհով չգնար, ապա «մեր ընդունած փաստաթուղթն ու առաջիկայում կատարելիք քայլերն իրենց մեջ լուրջ թերություններ և սխալներ կարղ էին պարունակել»: Արտակ Դավթյանի խոսքով՝ ոչ ոք թող չկասկածի, որ Սաֆարովը պատիժը կրելու է:










































