ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ 60 000 դոլարով տուգանել է ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը` կարգը խախտելու համար, գրում է vedomosti.ru-ն:
Նոր կարգը, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարին, պարտավորեցնում է ԱՄՆ շուկայում աշխատող բոլոր ավիաընկերություններին բացել տոմսի արժեքը`ներառյալ բոլոր հարկերն ու վճարները:
Ինչպես նշվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարի հայտարարության մեջ, հունվարի 26-ից հետո «Աէրոֆլոտի» կայքում պաշտոնյանները հայտնաբերել են այնպիսի գներ, որոնք չեն ներառել մի քանի հավելյալ վճարներ: Որոշ ժամանակ անց տոմսի արժեքի մասին տեղեկությունն ամբողջությամբ հայտնվել է, սակայն այն հնարավոր էր տեսնել էջի ամենաներքևում:
«Աէրոֆլոտի» ներկայացուցիչը հայտնել է գերատեսչություններին, որ ընկերությունն արդեն կատարել է ԱՄՆ տրանսպորտի նախարարության պահանջները և ներկա պահին իր ամերիկյան փաստաբանների միջոցով փորձում է կարգավորել խնդիրները:









































