Նախօրեին ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ, չնայած որ նախորդ գումարման խորհրդարանում այս նախագիծը կրկին առաջարկվել էր «Ժառանգության» կողմից և մերժվել էր:
«Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել «Ժառանգության» հետ մեկ խմբակցություն կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելը Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունն է, ինչի իրավունքն ունի յուրաքանչյուր պատգամավոր:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մոտեցմանն այս հարցին, Խաչատրյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ մեր կուսակցությունն իր ստեղծման օրվանից ունեցել է հստակ դիրքորոշում, որը այսօր էլ չի փոխվել: Մենք գտնում ենք, որ վերոնշյալ հարցում շտապողականություն պետք չէ դրսևորել, ավելին՝ համոզված ենք, որ ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նախևառաջ հասնի ԼՂՀ միջազգային ճանաչմանը»:
Անժելա Խաչատրյանը նկատեց, որ այս պահին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը վաղաժամ քայլ կլինի և կբարդացնի նաև բանակցային գործընթացը:







































