Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը հստակեցված է օրենքով և չի կարող փոփոխության ենթարկվել: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո քարտուղար Էկա Ազարաշվիլին:
Վերջինս այդ հայտարարությունն արել է՝ ի պատասխան հասարակական կազմակերպությունների դիմումի, որում պահանջվում էր արտասահմանաբնակ վրացիներին քվեարկության հնարավորություն ընձեռել սեպտեմբերի 29-ին կամ 30-ին (հանգստյան օրերին):
Ազարաշվիլին հայտարարել է. «Ընտրությունների ժամկետը նշանակում է նախագահը, և դա հստակեցված է երկրի Սահմանադրությամբ: Մենք չենք կարող փոփոխության ենթարկել այդ ժամկետը: Դա կախված չէ մեր ցանկությունից: Ելնելով դրանից՝ ընտրությունների ժամկետը՝ լինի դա երկրի ներսում, թե երկրից դուրս, չի կարող ենթարկվել փոփոխության»:
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին (երկուշաբթի):









































