Հայտնի երգիչ Ջորջ Մայքլը իր Simphonica համերգային շրջագայությունը սկսել է Ավստրիայից: Մայքլը 1000 տոմս է նվիրել Վիեննայի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, որը փրկել է նրա կյանքը, երբ նա անցած նոյեմբերին` քաղաքում լինելու ժամանակ, հիվանդացել է թոքաբորբով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Անցած գիշեր ունեցած համերգի սկզբին Ջորջ Մայքլը հայտարարել է` «հիանալի է ապրելը»: Նա լիովին վերականգնել է ուժերը: 49-ամյա կատարողը ծայրահեղ ծանր վիճակում էր հայտնվել` ամիսներ շարունակ կենաց-մահու կռիվ տվել:
Մայքլը իրեն բուժող բժիշկներից մեկի պատվերով կատարել է ամերիկացի երգչուհի Նինա Սայմոնի Feeling Good երգը: Իր և այլ աստղերի երգացանկից կատարված ստեղծագործությունների կողքին հնչել է նրա նոր սինգլը՝ White Light-ը, որը նա գրել է հիվանդությունից հետո:
Նշենք, որ այդ երգը Մայքլը կատարել էր նաև լոնդոնյան Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ:













































