«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, մասնագիտությամբ իրավաբան, փաստաբանական գործունեություն իրականացնող Կարեն Թումանյանը։
– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել ձեր թեկնածությունը։ Դուք գալիս եք պայքարելու 13 տարվա քաղաքապետի դեմ։ Ի՞նչ ծրագրեր ունեք քաղաքը զարգացնելու, արտագաղթը կասեցնելու ուղղությամբ։
– Ես ցանկանում եմ փոփոխություններ կատարել Վանաձորում։ Այդ փոփոխությունները պետք է կատարեն նոր սերունդը և դրանք իրականացնելու հնարավորություններ ունեցող մարդիկ։ Կարծում եմ, որ 13 տարի ղեկավարած անձին ավելի հեշտ է հաղթել, որովհետև նա այսուհետ ի վիճակի չէ փոփոխություններ կատարել։
– Դուք որևէ կուսակցական պատկանելություն չունեք, ինչը ես առավելություն եմ համարում, բայց երկրում հաստատված իրերի դրությունը այլ բան է հուշում. պետք է լինես իշխող կուսակցության անդամ, որպեսզի կարողանաս միջոցներ պոկել մայրաքաղաքից՝ քաղաքապետի կարևոր գործառույթներն իրականացնելու համար։
– Ճիշտ է, դժվար կլինի իշխող կուսակցությունից ստանալ որոշակի միջոցներ, սակայն ես կարևորում եմ փոփոխություններ կատարելու կամքը։ Փոփոխություններ ասելով՝ ես հասկանում եմ կառավարման ձևի փոփոխություն՝ ժողովրդավարական սկզբունքով, այսինքն՝ մենեջմենթ՝ մասնակցային, թափանցիկ կառավարմամբ։ Մեր համայնքի տարեկան բյուջեն 5 մլն 200 հազար դրամ է. համայնքի բնակիչները, հավաքելով այդ գումարը, չեն տեսնում, թե այն ինչպես է ծախսվում։
– Դուք, որպես մասնագետ, տեսնո՞ւմ եք, թե որտեղ են ծախսվում այդ գումարները։ Օրինակ, ես տեղեկություններ ունեմ, որ Սամվել Դարբինյանի ազգականներից շատերը միլիոնատերեր են դարձել։ Ինչպե՞ս եք պայքարելու այս պատի դեմ։
– Լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ Սամվել Դարբինյանի ազգականները համայնքի բյուջեից օգտվում են տարբեր ծառայությունների մատուցման կամ չմատուցման միջոցով։ Եթե Ս. Դարբինյանի կողքին կանգնած են մի 20-30 հոգի, որոնք օգտվում են բյուջեից և ուզում են նրան դարձյալ տեսնել քաղաքապետի պաշտոնում, ապա դրա դիմաց ես ունեմ հեղինակություն, որով ինձ ավելի ուժեղ եմ զգում։ Ես ոչ թե պայքարում եմ նրա դեմ, այլ ձգտում եմ ներկայանալ և ներկայացնել իմ ծրագրեը։
– Մյուս թեկնածուների հետ ի՞նչ շփումներ ունեք և ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այնտեղ։
– Ինձ առաջարկներ եղել են, որ հանեմ թեկնածությունս և պաշտպանեմ մյուս թեկնածուին, ինչից ես հրաժարվել եմ։ Բոլոր ընտրությունները քաղաքական գործընթաց են, սակայն տեղական ընտրությունները տարբեր են. սա տեղական ծառայություն մատուցողի ընտրություն է, և տեղական ծառայություն մատուցողը պետք է կարողանա գոհացնել այդ ծառայությունից օգտվողին։ Ծառայության մատուցումը պետք է ոչ միայն ճիշտ կազմակերպի մենեջմենտը, այլև հետևի աշխատակազմի ընտրության սկզբունքին, որպեսզի շահերի բախում չլինի։ Վանաձորցին հոգնել է ոչ միայն ղեկավարից, այլև սպասարկող անձնակազմից։ Այսօր քաղաքապետարանի ցանկացած բաժնի ղեկավար զբաղվում է ոչ թե իր անմիջական պարտականություններով, այլ գործունեությամբ, իր բիզնեսով։
– Բայց դուք գալիս եք այդպիսի աշխատակազմ ունեցող քաղաքապետարան, ինչպե՞ս եք աշխատելու նրանց հետ։
– Բնականաբար, չի ստացվի հներին ազատել և նորերով համալրել աշխատակազմը։ Այնտեղ, իհարկե, կան շատ լավ մասնագետներ։
– Գուցե ճիշտ մենեջմենտի պայմաններում նրանք ավելի լա՞վ կդրսևորվեն։
– Այո, բայց եթե ես աշխատեմ բաժինների ներկայիս ղեկավարների հետ, որոնց մեջ կան գործին չտիրապետողներ, կնույնացվեմ գործող քաղաքապետի հետ։
– Վանաձորում է նստում նաև մարզպետը, որը հանրապետական է։ Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համագործակցությունը։
– Կուսակցական դառնալու նպատակ չունեմ, մարզպետի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ։
– Քաղաքական մյուս կուսակցություններն ինչպե՞ս են վերաբերվում ձեզ։
– Վանաձորի քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է գործող քաղաքապետը. իմ տեղեկություններով, Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը չի երաշխավորել նրա թեկնածությունը, միայն տեղական մարմինն է երաշխավորել, ԲՀԿ-ի թեկնածուի համար մեր քաղաքում հաղթանակի շանսեր չեմ տեսնում։ «Բարգավաճ Հայաստանը» որոշակի առավելություն ստացավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մարդիկ ոչ թե ընտրեցին ԲՀԿ-ին, այլ դեմ քվեարկեցին ՀՀԿ-ին։
– Հանդիպե՞լ եք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նրանցից աջակցություն ստանալու խնդիր ունե՞ք։
– Որևէ կուսակցության հետ չեմ հանդիպել և չեմ ցանկանա որևէ մեկի աջակցությամբ պաշտոն զբաղեցնել և պարտական լինել նրան։
-Այսինքն՝ ձեր հանդիպումը անմիջապես ընտրողի հետ է, նրա կարիքներն իմանալու մեջ եք տեսնում ձեր հիմնական խնդիրը։
– Ես ուզում եմ պարտավորված լինել ընտրողի առաջ, որը կտեսնի, որ ընտրել է իր համար աշխատող մարդու։
– ԲՀԿ-ն այլևս իշխանական կուսակցություն չէ, սակայն շարունակում է լծակներ ունենալ նույն իշխանության մեջ, նաև դրամական միջոցներ ունի. նրա հնարավորություններն ինչպիսի՞ն են։ Ձեզ այդ կուսակցությունը փող չի՞ առաջարկել։
– ԲՀԿ-ի հետ ես ոչ մի շփում չունեմ, որևէ հարց չեմ քննարկել և չեմ էլ ուզում քննարկել նրա հետ։
– Ընտրություններում չհաղթելու դեպքում ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել։
– Շարունակելու եմ զբաղվել փաստաբանությամբ։
– Ժողովրդի հետ ձեր հանդիպումներից ի՞նչ զգացողություններ ունեք՝ վանաձորցին ի՞նչ սպասելիքներ ունի ձեզնից։
– Վանաձորցին ցանկանում է ճիշտ ընտրություն կատարել։ Ես ներկայացնում եմ իմ ծրագրերը և խոստանում եմ օրինական աշխատել։ Փոփոխությունները պետք է կատարել ներքևից, ծառայությունները մատուցել այնպես, որ մարդիկ գոհ լինեն։
– Հուսանք, որ Վանաձորի հիանալի բնությունը կնպաստի, որ քաղաքը դառնա զբոսաշրջության կենտրոն, արմատական փոփոխություններ կատարվեն արդյունաբերության ոլորտում և հնարավոր լինի վանաձորցուն վերադարձնել իր խաղաղ, բարօր աշխատանքին՝ նաև ձեր ուղիղ մասնակցությամբ և ղեկավարմամբ։








































