TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ թուրք-վրացական սահմանին բացվելու է ժամանակավոր հսկիչ-անցագրային կետ: Այս մասին Թուրքիայի ու Վրաստանի Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի մաքսային ու առևտրի նախարարության խորհրդական Զիյա Ալթընյըլդըզը:
Վերջինիս խոսքերով՝ ժամանակավոր անցակետի բացումը կապված է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման շրջանակներում կառուցվող թունելի հետ: Նա հավելել է, որ իրենք այդ անցակետն անվանել են «Երկաթե մետաքսե ճանապարհ», որով և թունելի կառուցման ժամանակաշրջանում կանցնեն տրանսպորտային միջոցները:
Բացի այդ, Ալթընյըլդըզը հայտնել է, որ հաջորդ տարի թուրք-վրացական սահմանին՝ Աքթաշ գյուղի մոտ, բացվելու է նոր անցակետ, ինչի պատճառը երկու երկրների միջև ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրման աճն է:









































