Կապանի հասարակական կազմակերպությունները դիմել են քաղաքապետարան՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, բողոքի ակցիա անցկացնելու թույլտվության խնդրանքով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը, նախատեսվում է բողոքի ակցիան անցկացնել Կապանի մշակույթի պալատի հրապարակում: Ակցիայի միջոցով Կապանի բնակչությունն իր անհամաձայնությունն է հայտնելու քաղաքում տիրող բարքերի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՅԴ-ական Արթուր Աթայանը հրաժարվել է ընտրապայքարից և հայտարարել, որ պատճառն իր և իր հարազատների նկատմամբ գործադրվող ճնշումներն են: Կապանում ՀՀԿ-ն առաջադրել է սեփական թեկնածուին՝ Աշոտ Հայրապետյանին:
Քաղաքապետի հրաժարականն ու դրան նախորդած հայտարարությունը, թե` իր կողմնակիցների վրա ճնշումներ են գործադրվել, դժգոհություն է առաջացրել կապանցիների շրջանում: Մարդկ դուրս են գալու փողոց՝ պայքարելու անարդարության դեմ:
«Ակցիան ոչ մի թեկնածուի օգտին կամ դեմ չի լինելու: Այս երևույթի դեմ ենք արտահայտվելու, որպեսզի նման խուլիգանական դրսևորումներ չլինեն Կապանում»,- ասաց Արմեն Փարսադանյանը:
Նրա խոսքով՝ հասարակության մեջ լարվածությունն այնքան մեծ է, որ շատերը կմասնակցեն ակցիային: Այս իրավիճակից դժգոհ են ինչպես ՀՀԿ թեկնածուի, այնպես էլ ՀՅԴ-ական քաղաքապետի կողմնակիցները:
Թեև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը տեղական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ոչ մի ճնշում չի եղել քաղաքապետի և նրա շրջապատի նկատմամբ, սակայն մարդիկ թերահավատորեն են վերաբերվում մարզպետի խոսքերին:
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետն իր հայտարարությունում մասնավորապես ասել էր. «Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը: Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտը, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:
Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ, ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծննդավայրում հաստատվեն թշնամանք ու դավաճանություն»:







































