ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին.
Հայաստանի Հանրապետություն: Վերջին շրջանում Թուրքիայի արտգործնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ կրկին բարձրաձայնում են ղարաբաղյան բանակցությունները միջնորդելու մասին և նույնիսկ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ, թերևս ծանոթ եք այդ հայտարարությանը, ո՞րն է Ձեր դիրքորոշումը, շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան: Ինչ վերաբերում է Ձեր հարցին թուրքական կողմի առաջարկների, նոր միջնորդության փորձերի, Ստամբուլում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու: Ի՞նչ է նշանակում: Այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում մի շարք Ռուսաստանի քաղաքներում, սպասված արդյունքի չ՞են հանգեցրել, որովհետև Ստամբուլու՞մ չէին կայանում:
Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են:
Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարևան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, և ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ:
Ազատություն ռադիոկայան: Երկու հարց ունեմ, ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, Սաֆարովի դեպքի հետ կապված վերջերս շատ է խոսվում, որ Հայաստանը կարող է դադարացնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հնարավո՞ր է, որ Հայաստանը իրոք դադարեցնի իր ղարաբաղյան բանակցությունները կապված Սաֆարովի դեպքի հետ և երկրորդ, դեպքը այնուամենայնիվ ի՞նչ ազդեցություն կունենա բանակցությունների վրա: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան: Դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում և այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը:
Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր առաջարկները: Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը: Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից: Այն գործելաոճը, որը դրսևորում է տարիներ շարունակ Ադրբեջանը իր ռազմատենչ հայտարարություններով, սպառնալիքներով, նոր և նոր սադրանքներով շփման գծում, աննախադեպ ձևով ավելացնելով ռազմական բյուջեն. չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն: Այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը:
Ամենակարևորը նա է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար:









































