Անդրադառնալով վաղը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցին` «Հրապարակ»-ը գրում է, որ հայկական ընդդիմությունն այս անգամ էլ պետականամետ մոտեցում է ցուցաբերել` համաձայնելով ստորագրել մեկ միասնական հայտարարության տակ: Ավելին, թերթի տեղեկություններով, երեկ անգամ պատրաստվել է այդ հայտարարության տեքստ և հանձնվել Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մշակմանը: Թերևս անհասկանալի է մնում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը, երբ խմբակցություններն այսպես, թե այնպես համաձայնության են գալու մեկ ընդհանուր տեքստի շուրջ: Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվեց, թե որն է նիստ հրավիրելու անհրաժեշտությունը:
«Խորհրդարանը, որպես քաղաքական ներկայացուցչական ամենաբարձր մարմին, կատարվածի վերաբերյալ ունի իր դիրքորոշումը միջազգային հանրությանն արտահայտելու կարիք և դրա համար հատուկ աոանձին նիստ է հրավիրում` քննարկելու այդ բոլոր խնդիրները: Արդյունքում, իհարկե, փաստաթուղթ կլինի, որը կհրապարակվի: Խնդիրն այն է, որ խորհրդարանը ներկայացնում է ընդհանուր դիվանագիտություն, և, բնականաբար, այս պարագայում դա բավարար հիմք է, որպեսզի արտահերթ նիստի միջոցով`մենք ընդհանուր տեսակետ հայտնենք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ի դեպ, Զաքարյանն ըստ էության հաստատեց թերթի տեղեկություններն այն մասին, որ հայտարարությունն արդեն պատրաստ է, նշելով սակայն, որ այն դեռևս «աշխատանքային տարբերակում է գտնվում»: «Հայտարարությունը լինելու է ամբողջական, քաղաքական և իրավական բոլոր խնդիրները ներառող, այն պետք է լինի Հայաստանի քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը Ադրբեջանի և Հունգարիայի կողմից այդ անընդունելի, անարդար և միջազգային իրավունքի դեմ ուղղված գործարքի հանդեպ»,- այնուամենայնիվ իր կարծիքը հայտնեց պատգամավորը` հայտնելով նաև, որ յուրաքանչյուր խմբակցություն իր առաջարկություններն ունի:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, խորհրդարանական խմբակցություններն այնուամենայնիվ ակտիվորեն պատրաստվում են առաջիկա Աժ արտահերթ նիստին: Ակնկալվում է, որ այդ նիստին ներկա կգտնվեն կառավարությունը և հատկապես ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը: Ըստ լուրերի` ԱԳ նախարարին պատրաստվում է սուր քննադատության ենթարկել հատկապես Աժ ՀՅԴ խմբակցությունը, որի կարծիքը երեկ թերթին լսել չհաջողվեց:
ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ևս հաստատեց, որ ՀԱԿ-ը կմիանա միասնական հայտարարությանը: «Սա ուրիշ խնդիր է»,- շտապեց ավելացնել տիկին Սարգսյանը`հավելելով. «Բայց կուսակցություններն իրենց տեսակետները կհայտնեն, թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, դա միանշանակ է: Մենք ունենք մեր կարծիքը, որն արտահերթ նիստին կարտահայտենք, թե ինչ բացթողումների արդյունքում նման իրավիճակ ստեղծվեց, և մարդասպանը հայտնվեց Ադրբեջանում: Դա սպասելի էր, այն, ինչը որ գիտեին իշխանությունները և դրա դեմը չառան, չկանխեցին, արդյունքում եղավ այն, ինչ եղավ»: Պատճառների մասին այս ընթացքում շատ ՀԱԿ-ականներ են տեսակետներ հայտնել: Հետագա գործողությունների մասով ՀԱԿ տեսակետները որքանով են համընկնում իշխանության տեսակևոներին, և կոնկրետ ինչ առաջարկություններով է ՀԱԿ-ը հանդես եկել, որը պետք է անպայման ներառվի հայտարարության մեջ: «Գիտեք ինչ, քայլերի համալիր շարք պետք է մշակվի, թե ինչ համալիր մոտեցումներով պետք է փորձեն խնդիրն ուրիշ դաշտ տեղափոխելու համար: Օրինակ, հարց պետք է հնչի՝ այս պարագայում Մինսկի խմբի գործունեությունը որքանո՞վ է ճիշտ և որքանով արդյունավետ, ի՞նչ քայլեր կարող են նրանք ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական ագրեսիան հնարավոր լինի կանխել և բանակցությունները շարունակել: Որովհետև այս ամենից հետո կարծես թե այդ աշխատանքներն արդեն արդյունավետ չեն, և դա նախևառաջ ԵԱՀԿ ՄԽ խնդիրն է նաև»,- ասաց Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ նախքան նիստը առաջարկների մասով «ծավալվելու կարիք չկա»:
Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ևս կարևոր համարեց հարցին պետական և ազգային մոտեցման անհրաժեշտությունը: «Կարծում եմ` ազգովի մենք պետք է ստորագրենք մի հայտարարության տակ, և առանձին հայտարարության անհրաժեշտություն չկա: Մեր դիրքորոշումը միանշանակ է: Մենք հանդես ենք եկել գնահատականներով և նաև հանդես ենք գալու միասնական, համապետական մեկտեղված կարծիքով»,- ասաց Ուրիխանյանը:
Այնպես որ, վաղն այն բացառիկ օրերից կլինի, երբ Աժ նիստերի դահլիճում հարցի քննարկումից հետո բոլորը կողմ կլինեն և կհայտնեն, որ ստորագրում են այդ դատապարտող հայտարարության տակ:
«Հրապարակը» տեղեկացավ, որ Աժ հայտարարությունը բաղկացած կլինի 3 կետից` գնահատական Հունգարիայի գործողություններին, գնահատական Ադրբեջանին և դիմում` ուղղված միջազգային կառույցներին:









































