Մինչև սեպտեմբերի 11-ը ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի Եվրադատարանի երեք հարցերին, որոնք առաջադրվել են 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիմումի քննության շրջանակներում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դիմողի` ՀՀ առաջին նախագահ, 2008-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Եվրադատարանում ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը:
Եվրադատարանը դիմումը մասնակի քննության է ընդունել: Մասնավորապես, Եվրադատարանի կողմից կառավարությանն ուղարկած առաջին հարցադրումը վերաբերում է 2008-ի նստացույցի օրերին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ազատության և տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը: Երկրորդ հարցը վերաբերում է 2008-ի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը տեղի ոնեցած հավաքների ազատության սահմանափակման ու մարտի 1-ին հանրահավաքը ցրելու օրինականությանը: Երրորդ հարցը ևս վերաբերում է մարտի 1- ին` առնչվում է այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքին:
Այսինքն, ըստ «ՀԺ»-ի, այս գործով ԵԴ-ի վճիռը վերաբերելու է մարտի 1-ի դեպքերին:









































