Ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը պայմանագիր է ստորագրել Մյանմարում շելֆի իրացման նախագծում 40 տոկոս բաժին գնելու վերաբերյալ: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, սա 1998թ. հետո Total-ի առաջին ներդրումն է այդ երկրի տնտեսության մեջ:
Փաթեթի վաճառողը թաիլանդական PTTEP-ն է (PTT Exploration and Production Plc.), որը շարունակում է մնալ նախագծի օպերատոր: Գործարքը, որի արժեքը չի հաղորդվում, դեռ հավանություն չի ստացել Մյանմարի իշխանությունների կողմից:
Մյանմարի շելֆի «Մարթաբան» ավազանում M-11 բլոկը զբաղեցնում է մոտ 5400 քառ. կմ տարածք և ունի 200-ից մինչև 2300 մետր խորություն: Ակնկալվում է, որ այդ հատվածում հորատում կսկսվի հաջորդ տարվա երրորդ քառորդում:
Total-ն առաջին անգամ Մյանմարի շուկա է դուրս եկել 1992թ.: Այն բանից հետո, երբ երկրի վրա տնտեսական պատժամիջոցներ դրվեցին, ֆրանսիական ընկերությունը դադարեց նոր ակտիվներ գնել, սակայն շարունակում էր «Յադամա» շելֆային գազի հանքի իրացումը, որից ստացված վառելիքն առաջին հերթին մատակարարվում է Թաիլանդին: 2011թ. Մյանմարում Total-ի ընդհանուր եկամուտը գնահատվում էր օրական 15 հազար բարել նավթային համարժեք:









































