Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը առաջարկել է Հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնին նշանակել սահմանային տարածքների ու ցեղերի հարցով նախարար Ասադուլլա Խալիդի` Քանդահար նահանգի նախկին նահանգապետի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նրա նշանակմանը դեմ են իրավապաշտպանները, ըստ որոնց` Խալիդը անմիջական առնչություն ունի մարդկանց կտտանքների ենթարկելու հետ:
Օգոստոսի 31-ին Human Rights Watch կազմակերպությունը հաշվետվություն հրապարակեց`վերջինիս մեղադրելով մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի ու թմրամիջոցների անօրինական շրջանառության մեջ:
Իրավապաշտպանները պնդում են, որ Խալիդը Քանդահարում գաղտնի բանտ է ունեցել, բացի այդ, պնդում են, որ նահանգում ձերբակալվածներին ենթարկել են էլեկտրահարման:
Հաշվետվության հեղինակները հենվում են ՄԱԿ-ի ու աֆղանցի իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկությունների վրա:










































