Թուրքական Hurriyet Daily News թերթին տված հարցազրույցում Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել ահաբեկչական հռչակած ու արգելած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ:
Հաշիմին ժամանակի անտեղի վատնում է անվանել PKK-ի վերաբերյալ Թուրքիայի ու Իրաքյան Քրդստանի միջև բանակցությունները. «Եթե դուք ցանկանում եք ձերբազատվել PKK ահաբեկչական կազմակերպությունից, ապա ես՝ որպես Թուրքիայի բարեկամ, ձեզ առաջարկում եմ ուղիղ ծանոթանալ մյուս կողմի (PKK) հետ: Թուրքիան կարող է պատմական քայլ կատարել:
Պետք չէ ժամանակ վատնել այլ բաների վրա: Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կշատանան Թուրքիայի վրա PKK-ի հարձակումները, քանի որ Սիրիան և տարածաշրջանի մյուս երկրները PKK-ին օգտագործում են` որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու խաղաքարտ»:
Հիշեցնենք, որ Հաշիմին իր երկրում մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ, ինչի համար նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման դատավճիռ: Ներկայումս նա քաղաքական ապաստան է գտել հարևան Թուրքիայում:








































