Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) այսօր սկսել է ստուգումներ անցկացնել կաթնամթերք արտադրող 7 խոշոր ընկերություններում: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքերով` ՍԱՊԾ-ն նախապես իրացման օբյեկտներից կաթնամթերք է վերցրել ու ստուգել: Արդյունքում հայտնաբերել է, որ ստուգված կաթնամթերքի տեսականիներում առկա է սոդայի քանակություն: Արտադրող ընկերությունները սոդան օգտագործում են, որպեսզի կաթը չկտրվի: Իսկ կաթնամթերքում առկա սոդան կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:
Բ. Պիպոյանը չբացառեց, որ կաթնամթերքի այդ տեսականիներում կարող են լինել նաև ընդունված նորմերին հակասող կամ առողջության համար վնասակար այլ նյութեր ևս, սակայն այդ մասին կարող են տեղեկացնել միայն ստուգումների ավարտից հետո:
Նա չցանկացավ նաև ասել, թե ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրող կոնկրետ որ ընկերություններում է ստուգումներ անցկացնում` ընդամենը հավելելով` 7 խոշոր ընկերություններում:










































