Հյուսիսային Կարոլինա նահանգում ընտրական ցուցակներում հաշվվում է առնվազն 30 հազար մահացած քաղաքացի: Նման տվյալներ նահանգի իշխանություններին ներկայացրել է անկախ հետազոտողների մի խումբ,- հաղորդում է Charlotte Observer-ը:
«Հանուն արդար քվեարկության» (Voter Integrity Project) նախագիծը, որը ոչ կոմերցիոն է և չի վերահսկվում որևէ քաղաքական ուժի կողմից, ընտրական ցուցակները համեմատել է առողջապահության դեպարտամենտի կողմից ներկայացված՝ վերջին 10 տարիներին նահանգում մահացածների տվյալների հետ:
Նախագծի ղեկավարը թերթին հայտնել է, թե, որպես կանոն, ցուցակներում հանգուցյալների անունների տեղ գտնելը բացատրվում է պաշտոնյաների սխալներով. Օրինակ՝ մահացած մարդը նույն անունով որդի ունի, սակայն «կրտսեր» հավելմամբ, իսկ ցուցակում «կրտսեր» բառը չկա, և ստացվում է այնպես, որ մարդը քվեարկում է իր հանգուցյալ հոր անունով: Նման սխալները, նրա խոսքերով, ընտրությունների ընթացքում խախտումների հնարավորություն են տալիս, քանի որ, նահանգի օրենքներով, քվերակության ժամանակ ընտրողները պարտավոր չեն լուսանկարով փաստաթուղթ ներկայացնել:
Պարբերականի տվյալներով՝ գրանցված ընտրողների ցուցակները նահանգում ամսական թարմացվում են: Ընտրական հանձնաժողովում պարզաբանել են, որ խնդիրներ առաջանում են միայն այն դեպքերում, երբ մահվան վկայականում անունը չի համապատասխանում ցուցակում ներկայացված անվանը, ինչը հաճախ տեղի է ունենում, երբ կինն ամուսնությունից հետո փոխում է ազգանունը:
Հանձնաժողովում թերթին հավաստիացրել են, որ «Հանուն արդար քվեարկության» նախագծի ներկայացրած ցուցակները կստուգվեն, ինչից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:
Charlotte Observer-ը նաև հայտնում է, որ 2012 թ. ամռանը «Հանուն արդար ընտրությունների» նախագիծը հայց էր ներկայացրել Հյուսիսային Կարոլինայի շրջաններից մեկում ցուցակից 528 ընտրողների հեռացնելու համար, որոնք, ըստ ակտիվիստների, նահանգի քաղաքացիներ չեն: Սակայն ուսումնասիրելով հայցը՝ ընտրական հանձնաժողովը հայտնաբերել է, որ նրանք բոլորը քվեարկության իրավունք ունեցել են:
Թերթը գրում է, որ նախագիծը հանդես է գալիս ընտրությունների ժամանակ լուսանկարով փաստաթուղթ ներկայացնելու օգտին: Այս նախաձեռնությանը, որպես կանոն, աջակցում են հանրապետականները, մինչդեռ դեմոկրատները դեմ են հանդես գալիս դրան:










































