Ադրբեջանական Haqqin.az կայքն անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի շուրջ ծավալված վերջին զարգացումներին. «Հայաստանում պնդում են, թե Ռամիլ Սաֆարովն ազատ է արձակվել Ադրբեջանի կողմից Հունգարիայի պետական պարտքի 2-3 միլիարդ դոլարի մարման դիմաց: Սակայն դա ճիշտ չէ, ավելի ճշգրիտ ասած՝ մասնակի ճշմարտություն է:
Իրականում խոսքը թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի մասին է, որը ուղղակի առնչություն ունի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) Հունգարիայի կողմից 15 միլիարդ եվրո վարկի ստացման հետ: Ներկայումս Հունգարիան պատրաստվում է Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ կարճաժամկետ վարկ՝ 3 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերի հիման վրա: Այս մասին տեղեկատվությունը 2012 թվականի օգոստոսի 2-ին տարածել էր Reuters գործակալությունը:
Հունգարական «Ժողովրդական ազատություն» թերթը, որը հանդիսանում է Հունգարիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության կենտրոնական մարմինը, գրեց, որ օգոստոսի 4-ին հունգարական Պետական պարտքի ղեկավարման կենտրոնը (KK) հայտնել է, թե պետական պարտատոմսերի թողարկումը չի կարող տեղի ունենալ՝ նախքան ԱՄՀ-ից Հունգարիայի վարկի ստացման հարցի լուծումը:
Այն ժամանակ տեղի էր ունեցել Հունգարիայի ու ԱՄՀ-ի միջև բանակցությունների առաջին փուլը: Իսկ օգոստոսի 24-ին հունգարական KK-ի տնօրենը հաստատեց, որ պարտատոմսերը թողարկումը չի կարող տեղի ունենալ առանց ԱՄՀ-ից 15 միլիարդ եվրո վարկի ստացման հարցի կարգավորման:
Արևմուտքում կարծես թե որոշել են, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գումարի կարիք է զգում՝ 2014 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական կամպանիա անցկացնելու համար: Ներկայումս Հունգարիայի ֆինանսական կայունությունը գտնվում է սպառնալիքի տակ: 2012 թվականի հուլիսին Հունգարիայում գրանցվել է ԵՄ-ի երկրների թվում սղաճի ամենամեծ մակարդակը՝ 5.7 տոկոս:
Այսպիսի պայմաններում ադրբեջանական վարկի ստացումը հունգարական կառավարության համար վերածվում է ևս մեկ հենակետի՝ սեպտեմբերին ԱՄՀ-ի հետ վարկի ստացման վերաբերյալ կայանալիք բանակցություններին ընդառաջ: Այդպիսի իրավիճակում «ադրբեջանական վարկի» կարևորությունը շատ ավելի էական է, քան եթե Հունգարիան պարզապես ստանար այդ 2-3 միլիարդ եվրոն:
Եթե Հունգարիան կարողանա ԱՄՀ-ից վարկ ստանալ (դրա հավանականությունն ամրագրված է թուրք-ադրբեջանական վարկով), ապա նա կկարողանա հանգիստ որոշել՝ վերադարձնել կամ չվերադարձնել թուրք-ադրբեջանական վարկը»:
Որպես հետգրություն՝ նշվում է, որ այդ գործարքը կարող է, բարոյական գոհացումից բացի, Ադրբեջանին բերել նաև նյութական դիվիդենդներ, քանի որ Հունգարիան Հունաստան չէ, և այստեղ ճգնաժամն արդեն սկսում է նահանջել:









































