«Ես գտնում եմ մենք ունենք ավելի լուրջ հիմքեր ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է և կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը` հայտնում է karabakh-open.info-ն:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, նա հայտնել է այն կարծիքը, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի դրան, իսկ «Հայաստանը և Արցախը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը, գրավեն միջազգային հանրության ուշադրությունը և մաքսիմում արդյունք ստանան»։
Այսօրվա իրողություններից ելնելով ենթադրվո՞ւմ է հայկական կողմի դիրքորոշման փոփոխություն հարցին ի պատասխան նա պատասխանել է, որ անիմաստ է փոխել դիրքորոշումը. «Բոլորին հայտնի է այն՝ մենք ձգտում ենք անկախության և մինչև վերջ ձգտելու ենք դրան։ Ուրիշ բան է, որ Հայաստանը և Արցախը կարող են շատ ավելի խիստ մոտեցումներ դրսևորել Ադրբեջանի հանդեպ, ոչ թե բանակցային սկզբունքների տեսանկյունից, այլ, ընդհանրապես, այս պահին գտնում եմ, որ բանակցելն Ադրբեջանի հետ անիմաստ է»։








































