Շոտլանդիայի արևելյան ափին կտրուկ տեղատվության հետևանքով ծանծաղուտ են նետվել 26 սև դելֆիններ: Այս մասին հաղորդում է Газеты.Ru-ն:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու անասնաբույժները կարողացել են փրկել նրանցից միայն 10-ին: Մնացածը, որոնց թվում 3-ը` փոքրիկներ, սատկել են:
Այս տեսակը դելֆինների խոշորագույն տեսակներից է: Ծանծաղուտում հայտնված դելֆինների երկարությունը գերազանցել է 6 մետրը:
Մասնագետները դեռ մի քանի օր կհետևեն փրկված դելֆիններին, որպեսզի համոզվեն, որ նրանք ափից անվտանգ հեռավորության վրա են գտնվում:
Միջադեպը գրավել է տեղի բնակիչների ուշադրությունը: Նրանք հավաքվել են լողափին, սակայն Առափնյա պահպանության ծառայությունը ստիպված է եղել խնդրել նրանց հեռանալ` չխանգարելու համար անասնաբույժների ու ջրասուզակների աշխատանքին:
Հաղորդվում է, որ նույն տեսակի ևս 24 դելֆիններ նկատվել են իրենց ցեղակիցների զոհվելու վայրից 3 կմ հեռավորության վրա: Նրանց նկատմամբ նույնպես վերահսկողություն կսահմանվի:










































