Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային շրջանները գտնվում են հրդեհի 11 խոշոր օջախների տիրապետության տակ: Օջախներից մեկը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 80 կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով Քաղաքացիական բնակչության պաշտպանության ազգային գործակալությանը:
Ըստ գործակալության տվյալների` հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 350 հրշեջ մեքենա, 16 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ավելի քան 1000 հրշեջ: Փակ են ավտոմայրուղիները, երթևեկությունը դադարեցված է երկաթուղու առանձին հատվածներում: Իրավիճակը բարդացել է հատկապես Պորտուգալիայի հյուսիսային Վիզեու քաղաքի շրջանում:
Հրդեհի հիմնական պատճառը համարվում է երկրում մի քանի շաբաթ գերիշխող շոգ եղանակը: Հայտնի են նաև քաղաքացիների անզգուշության դեպքեր, ինչը հանգեցրել է հրդեհումների մեջ կասկածվող 20 մարդու ձերբակալության:
Այս ամռանը երկրում արդեն 67 հազար հա անտառ է վառվել: Զոհվել է 1 հրշեջ, վիրավորվել 7-ը: