Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին հարցում կուղարկի այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» ի հայտ գալու մասին, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ռուսական դիվանագիտական ներկայացուցչությանը: Այդ տեղեկությունները հրապարակելու առնչությամբ պաշտոնական բացատրություններ տալու հարցումը պետք է ուղարկվի սեպտեմբերի 3-ին:
Բրիտանական «Մագնիտսկու ցուցակի» գոյության մասին սեպտեմբերի 2-ին գրել է Մեծ Բրիտանիայի The Sunday Times խոշոր թերթը: Հրատարակության տվյալներով` ցուցակը Մոսկվայում բրիտանական դեսպանատուն է ուղարկվել Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյի կողմից: Այն մասին, թե դա երբ է տեղի ունեցել, չի հաղորդվում:
Թերթի ներկայացմամբ` ցուցակի մանրամասները բացահայտել է ներգաղթի գործերով նախարար Դեմիեն Գրինը բրիտանացի պատգամավորին ուղղված նամակում: Նրա խոսքով` փաստաթուղթը «հաշվի է առնվելու» ցուցակի մեջ ընդգրկված մարդկանց վիզա տրամադրելու ժամանակ: Գրինն ընդգծել է Սերգեյ Մագնիտսկու մահվան արդար հետաքննության անհրաժեշտությունը և հավելել է, որ Մեծ Բրիտանիան արգելում է մուտք գործել երկիր օրենքը խախտած մարդկանց:
The Sunday Times-ը չի հաղորդել վիզային պատժամիջոցներ մտցնելու պաշտոնական հաստատման մասին:
Բրիտանական «Մագնիտսկու ցուցակի» գոյության մասին առաջին հաղորդագրությունները ԶԼՄ-ներում հայտնվել էին 2011թ. հոկտեմբերին, սակայն այդ ժամանակ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժխտել էր տեղեկատվությունը:










































