Վրաստանի հարկային նոր օրենսգիրքը, որն ընդունվեց 2010թ. սեպտեմբերին և ուժի մեջ մտավ 2011թ. հունվարի 1-ից, է՛լ ավելի բարելավեց երկրի ներդրումային միջավայրը:
Վերջին 10 տարվա ընթացքում սա արդեն երկրորդ օրենսգիրքն է, որ էական փոփոխություններ մտցրեց Վրաստանի հարկային դաշտում: Ընդհանրապես, Սաակաշվիլիի արած հարկային բարեփոխումները կարելի է բնորոշել որպես ծայրահեղ լիբերալ, որոնք ժամանակակից աշխարհում շատ քչերն են համարձակվում իրականացնել: Հարկահավաքության ռեժիմի խստացմանը զուգահեռ` Վրաստանում էականորեն նվազեցվեցին հարկերի դրույքաչափերը: Նախավերջին հարկային օրենսգրքով 22 հարկերից Վրաստանում թողնվեց միայն 6-ը, իսկ նոր օրենսգրքի համաձայն` 2012թ. դրանց թիվը կհասնի 4-ի: Նոր օրենսգրքով առավելագույն չափով պարզեցվել են մաքսային ձևակերպումների հետ կապված ընթացակարգերը, իսկ մաքսատուրքերը ապրանքների հիմնական մասի համար ընդհանրապես վերացվել են, որոշ` բացառիկ դեպքերի համար սահմանվել են 3-12%:
Բավականին հետաքրքիր փոփոխություններ են կատարվել եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի հետ կապված: Դրա ամբողջ իմաստն այն է, որ եկամտահարկը շահութահարկից քիչ լինի: Այսինքն` ընդհանուր ցածր հարկադրույքների պարագայում եկամտահարկի դրույքաչափից ցածր շահութահարկի դրույքաչափը խթանում է գործարարներին չխուսափել շահույթները ցույց տալուց: Սա էականորեն կրճատեց Վրաստանում ստվերային տնտեսությունը: Փորձը ցույց տվեց, որ դիվիդենտների ու շահույթի վրա դրվող շատ ցածր հարկերը հանգեցնում են նրան, որ տնտեսվարողները բավականին մեծ շահույթներ են ցույց տալիս, ինչը նաև մեծ եկամուտներ է ենթադրում (այլ հավասար պայմաններում): Արդյունքում` եկամտահարկի չափը և բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում դրա տեսակարար կշիռը էականորեն մեծանում են:
Եվ այսպես` 2012-ից Վրաստանում կգործեն հետևյալ հարկատեսակները` ֆիզիկական անձանց համար եկամտահարկը կկազմի 20%, շահութահարկը` 15%, գույքահարկը` 1% և ավելացված արժեքի հարկը 18%: Հայաստանում գործում են ֆիզիկական անձանց եկամտահարկի հետևյալ դրույքաչափերը` 10% (մինչև 100 հազար դրամ) և 20% (100 հազար դրամից ավելի), շահութահարկը 20% է, ավելացված արժեքի հարկը` 20%, գույքահարկը` 0.15-1%: Սրանից բացի, մենք ունենք նաև հողի հարկ, ակցիզային հարկ (կամ դրան փոխարինող հարկեր), տեղական հարկերից` հյուրանոցային հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկ և այլն: Մաքսատուրքի 2 դրույքաչափ ունենք` 0% և 10%, ունենք նաև մաքսավճարներ: Սակայն ի տարբերություն Վրաստանի, մեզ մոտ մաքսային արժեքի (այն թիվը, որի նկատմամբ հաշվարկվում են դրույքաչափերը) հաշվարկը այնքան անհստակ ու չկանոնակարգված է, որ ոչ միայն կոռուպցիոն ռիսկերի հսկայական որջ է իր մեջ պարունակում, այլև շատ դեպքերում փաստացի մաքսատուրքը դառնում է 100%: Բավական է հիշեցնել միայն ավտոմեքենաների հետ կապված իրավիճակը` նկատի ունենալով, որ այդ աննորմալ մաքսատուրքերի հետևանքով ցանկացած ավտոմեքենա ՀՀ շուկայում 40%-ից մինչև 2.5 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանի շուկայում:
Իսկ որ ամենակարևորներից է` Վրաստանի հարկային օրենսդրությունում մտցվեց «միկրոբիզնես» հասկացությունը: Դրանք այն ֆիզիկական անձինք են, որոնք ունեն մինչև 30 հազար լարի (6.3 մլն դրամ) շրջանառություն, և որոնք չեն պահում վարձու աշխատողներ: Նրանք ազատված կլինեն եկամտահարկից, ինչպես նաև չեն օգտագործի ՀԴՄ-ներ: Հատուկ հարկային ռեժիմի տակ է ընկնում նաև փոքր բիզնեսը: Այդպիսիք կհամարվեն այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցի 100 հազար լարին (մոտ 21 մլն դրամ): Եվ որ ամենաաներևակայելին է` այս փոքր բիզնեսը կհարկվի միայն իր եկամուտների 3 կամ 5 տոկոսի չափով:
Վրաստանի նոր հարկային օրենսգիրքը ենթադրում է նաև հարկային օմբուդսմենի ինստիտուտի ստեղծում: Հարկային օմբուդսմենին նշանակելու է վարչապետը` պառլամենտի համաձայնությամբ: Տարին մեկ անգամ այս օմբուդսմենը հաշվետվություն կներկայացնի պառլամենտին` նշելով, թե հարկ վճարողների տեսակետից ինչպիսին է իրավիճակը հարկային դաշտում:
Սակայն պետք է նշել, որ այս բոլոր բարեփոխումները, հարկային դաշտի այս օրենսդրական փոփոխությունները ոչինչ չէին տա, ընդհակառակը` մի բան էլ կվատացնեին իրավիճակը, եթե Վրաստանը մինչ այդ չիրականացներ լայնամասշտաբ բարեփոխումներ պետական կառավարման ապարատում: Վրաստանի ոստիկանության համակարգի մասին արդեն շատ է խոսվել: Այստեղ նշենք միայն, որ Սաակաշվիլին 18 նախարարություններից թողեց 13-ը, 52 գերատեսչություններից` 34-ը: Չփակված նախարարություններում ու գերատեսչություններում էլ անձնակազմը 40-50%-ով կրճատվեց: Այսօր Վրաստանում հողամաս գնելու և ձևակերպելու համար անհրաժեշտ է առավելագույնը 4 օր, սեփական գործը բացելու համար` առավելագույնը 1 օր, մեքենան գրանցելու համար` 15 րոպե, վարորդական իրավունք ստանալու համար` 7 րոպե և այլն:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի









































