Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վաստակելու է դասախոսություններ կարդալով: Սարկոզիի ծրագրերի մասին պատմել է նրա համախոհ, ՆԳՆ նախկին ղեկավար Կլոդ Գեանը:
«Եվրոպա-1» ռադիոկայանին տված հարցազրույցում Գեանը հաղորդել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Սարկոզին արդեն կարդացել է մեկ դասախոսություն «Ինչ-որ տեղ Եվրոպայում»:
«Le Canard Enchaîné» ֆրանսիական թերթը վերջերս հաղորդել էր, որ նախկին նախագահը ստանալու է 250 հազար եվրո Morgan Stanley ներդրումային բանկի կողմից կազմակերպված դասախոսության համար: Թերթի տեղեկատվության համաձայն` բանկը Սարկոզիի 45 րոպե տևողությամբ հրապարակային մտորումները գնահատել է 250 հազար եվրո:
Կլոդ Գեանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի այդ դասախոսության մասին: Սարկոզիի մերձավորները Agence france-Presse-ին հայտնել են, որ նախկին նախագահը դեռևս որևէ դասախոսություն չի կարդացել:
Հինգ տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Նիկոլա Սարկոզին իրավունք ունի ստանալ ամսական 6 հազար եվրո: Պետությունը վճարում է նախկին նախագահի 7 օգնականների, երկու վարորդների և թիկնապահների աշխատավարձերը, ինչպես նաև գրասենյակի և ավտոմեքենայի ծախսերը: Սարկոզին նաև իրավունք ունի օգտվել գնացքի առաջին դասի և Air France ընկերության չվերթների անվճար տոմսերից:








































