Գարեջրի գավաթի ձևն ուղղակիորեն ազդում է այն խմելու արագության վրա: Նման եզրակացության են եկել Անգլիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանց հետազոտության համաձայն՝ «ծուռումուռ» գավաթներում գարեջուրը շատ ավելի արագ է վերջանում, քան սովորական ուղիղ գավաթներում:
Մի խումբ գիտնականներ փորձ են անցկացրել, որին մասնակցել է 159 մարդ: Նրանց բոլորին հանձնարարվել է խմել կես պինտ (մոտ 0.3 լիտր), բայց տարբեր գավաթներով: Պարզվել է, որ «ծուռումուռ» բաժակների տերերը գարեջուրը խմել են միջինը 7 րոպեում, այն դեպքում, երբ սովորական գավաթներով խմողները՝ 11 րոպեում:
Ֆենոմենը բացատրելու համար գիտնականներն առաջ են քաշում հետևյալ հիպոթեզը. նրանք ենթադրում են, որ «ծուռումուռ» գավաթի դեպքում մարդիկ դժվարանում են աչքաչափով որոշել, թե որքան գարեջուր է մնացել՝ կեսից ավե՞լ, թե՞ պակաս: Ուստի մարդը ավելի քիչ է կարողանում վերահսկել իրեն, և գարեջուրն ավելի արագ է վերջանում, քան այն դեպքում, երբ հստակ երևում է՝ որքան է մնացել:
Միաժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ ալկոհոլային խմիչքները մարդիկ նույն արագությամբ են խմում ինչպես սովորական, այնպես էլ «ծուռումուռ» բաժակներից:








































