Այսօր փետրվարի 18-ին մեկնարկած հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի`հավաստագրի համար հավակնորդների քննությունների երկրորդ օրն էր, որին որպես դիտորդ` մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Անդրադառնալով քննությունների գրավոր և բանավոր փուլին`Անահիտ Բախշյանը նշել է, որ քննական գործընթացը կազմակերպված է օրենքի բոլոր կետերին համապատասխան և եթե անգամ կային մարդիկ, որոնք մինչ այս կարծում էին այս գործընթացին կարող էին ինչ-որ կերպ միջամտել, դրա հավանականությունը փոքրանում է, քանի որ ամբողջ քննական գործընթացը թափանցիկ է և հրապարակային: Սակայն Անահիտ Բախշյանը մտահոգություն է հայտնում, որ քննությանը մասնակցած և հավաստագիր ստացած անձինք հետո ի՞նչ են անելու: Նրա խոսքերով`այդ ժամանակ մեծ շահեր են բախվելու, իշխանությունը ընտրությունների ժամանակ ում կուզի տեսնել տնօրենի աթոռին, նա էլ կհայտնվի:
Հարցին կարելի է ասել, որ սա ընտրություններին նախապատրաստվելու փուլ է, քննություններն էլ ձեւ են առանց բովանդակության, նշել է, որ չի կարծում, քանի որ նախորդ քննությանը, օրինակ, 11 հոգի կտրվեցին, որոնք հիմնականում գործող տնօրեններ էին, որոնց մեջ կային հանրապետականներ, հետևաբար ասել, որ այս գործընթացը ինչ-որ ձեւով ընտրություններին նախապատրաստվելու փորձ չէ: Ըստ նրա` հիմա շատ կարևոր դեր պետք է ունենա խորհուրդը, որը պետք է ընտրի դպրոցի տնօրենին, պետք է կանգնած լինի կրթության, ոչ թե իշխանության շահերի կողքին, իսկ թե ինչքանով են տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացուցիչներ, ծնողներ, շողոքորթ մանկավարժներ ընդգրկված, դա ցույց կտա ժամանակը:
Հարցին`այնուամենայնիվ, հավատո՞ւմ եք գոնե մեկ դպրոցի տնօրեն կարող է առանց կաշառքի ընտրվել դպրոցի տնօրեն, տիկին Բախշյանը ասում է, որ մեկ-երկու դեպք հնարավոր է:
Սակայն հակասությունը, ըստ Անահիտ Բախշյանի, նրանում է, որ դպրոցի կանոնադրության և օրենքի մեջ կա լուրջ հակասություն: Օրինակ` օրենքում գրված է, որ խորհրդի կողմից ընտրված տնօրենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքի խորհրդի նախագահի հետ, իսկ կանոնադրության մեջ գրված է, որ տնօրենը պետք է աշխատանքային պայմանագիրը կնքի մարզպետի հետ: «Նախորդ անգամ Կոտայքի մարզից մեկը փայլուն քննություն հանձնեց, որին, պարզվում է, Կոտայքի մարզպետը հանել էր աշխատանքից: Օրենսդրական դաշտը այդքան փայլուն իմացող մարդը այսօր չի աշխատում դպրոցում, և նրա հանձնած բանավոր պատասխաններից զգացվում էր`առաքինի մարդ է, պատրաստված և այդ մարդուց մարզպետը ազատվել է: Ինչ է լինելու հետո»,-ասում է Անահիտ Բախշյանը:








































