Թեղուտ և Շնող գյուղերում ստացվող առատ բերքի վաճառքին աջակցելով` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը այս գյուղերում տնտեսական զարգացման այլընտրանքային մոդել կստեղծի: Այս օրերին նախաձեռնությունն ակտիվորեն գովազդում է, որ ցանկացողները կարող են գնել Թեղուտի բնակիչների առատ բերքը` անուշահոտ մեղրը, հոնը, մասուրը, ալոճը, ավելուկը, ընկույզը, սերկևիլը և այլն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լենա Նազարյանն ասաց, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն այս մոդելով խնդիր է դրել ցույց տալ, որ թեղուտցիները հանքավայրում աշխատելուն այլընտրանք ունեն, որն, ըստ ակտիվիստի, այս պահին չի հաշվի առնվում, անտեսվում է դիտավորյալ, որպեսզի Թեղուտում հանքավայրի շահագործման նախագիծը գլուխ բերվի:
«Այս մոդելի միջոցով նպատակ ունենք ցույց տալ, որ հնարավոր է զարգացում, որ բնակիչները ևս սկսեն դրան հավատալ, գուցե հնարավոր է լուրջ ներդրողներ ներգրավել այս գործում, քանի որ այսօր մենք վաճառքը կազմակերպում ենք մեր ուժերով»,- տեղեկացրեց Լենա Նազարյանը: Նրա խոսքով` Թեղուտի շուրջ հանքարդյունաբերության միջոցով ստեղծվել է տնտեսական զարգացման միֆ, բացարձակ չեն համապատասխանում իրականությանն այն պնդումները, թե Թեղուտի բնակչությունը եկամտի աղբյուր չունի:
Լենա Նազարյանն ասաց, որ Թեղուտի և հարևանությամբ գտնվող Շնող համայնքի բնակիչներն ունեն առատ բերք և՛ անտառում, և՛ իրենց այգիներում, սակայն ստիպված են ներգրավվել հանքարդյունաբերության ծրագրերում, քանի որ մթերքի իրացման շուկան չի զարգացվում, չի զարգացվում դիտավորյալ, որպեսզի մարդիկ չունենան այլընտրանք, չունենան տնտեսական զարգացման այլ ծրագրեր և կախված լինեն հանքարդյունաբերությունից, որն այս դեպքում ավելի ձեռնտու է: «Խնդիրն է ցույց տալ, որ կա հնարավորություն, պարզապես պետք է կազմակերպել, ստեղծել համապատասխան ինֆրաստրուկտուրաներ»,- նկատեց Լենա Նազարյանը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ՄԻԺ-ի գրասենյակում կվաճառվեն Թեղուտից բերված մեղրը կգ-ը 3000 դրամով: Բնամթերքի գնին ակտիվիստները գումար չեն ավելացնելու:









































