«Ալիևյան ցինիզմն իր ժողովրդի ու Հարավային Կովկասի վրա թանկ է նստելու: Այն առնվազն մի տասը տարով հետաձգելու է այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Երեկ հայ հանրությունը փոթորկվել էր` մի մասը հայհոյում էր հունգարական իշխանություններին, մյուսները` ՀՀ իշխանություններին»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Անձամբ ես առավելապես «տպավորված եմ» Ադրբեջան պետության, նրա ղեկավարի, իշխանության, հասարակության մտածողությունից ու արարքից: Եզրակացությունը մեկն է` ալիևյան վարչախումբն ավելի վտանգավոր է, ավելի լկտի ու անամոթ, քան մինչ օրս կարող էինք ենթադրել: Նաև միջազգային նորմերի, սկզբունքների ու հանրության վրա թքած ունի: Երեկ անգամ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էր գրել, որ Ռամիլ Սաֆարովի ներման հրամանագիրն արձակվել է Սահմանադրության և օրենքի խախտմամբ և «բացասաբար կազդի Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա»: Երեկ արդեն, որպես կատարված փաստին արձագանք, Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և հայ հասարակության մեջ փոթորկվող հույզերն արտահայտել իր ոչ այնքան նախագահական ելույթում: Նշել է, որ իշխանությունը քայլեր է ձեռնարկում, որ մեր դիվանագիտական ներկայացուցչություններին համապատասխան հրահանգներ են տրված, որ քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը և այլն: Մի բան փաստ է, որ Սաֆարովի էքստրադիցիան մի օրվա գործ չէր, այն մոտ մեկ տարի նախապատրաստվել է, և այդ ողջ ընթացքում մեր իշխանությունը` իր դիվանագիտական ներկայացուցչություններով, տեղյակ չի եղել այս դավադրության մասին: Կնշանակի` վատ են աշխատում, տեղեկացված չեն, ազդեցություն չունեն»:










































