«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Գյումրի քաղաքի ավագանու անդամության թեկնածու Կարինե Մկրտչյանը:
– Գյումրին և նրա շուրջ ծավալված իրադարձությունները՝ հատկապես վերջին շրջանում, մասնավորապես այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 6-ին, կարծես հիմնավորեց այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որ երկիրը, իշխանությունը կարծես թե որոշեց իր հատուկ ուշադրությունը սևեռել այդ քաղաքի վրա և խաղի նոր կանոններ պարտադրել քաղաքին, և առաջիկա սեպտեմբերի 9-ի ընտրությունները, ըստ էության, թեև Հայաստանի տարբեր քաղաքներում նշանակված են տեղական ինքնակառավարման ընտրություններ, այնուամենայնիվ, Գյումրին շարունակում է մնալ ամենաինտրիգայինը և ամենակարևորը։ Ի՞նչ է տեղի ունենում Գյումրիում, և արդյոք այն փոփոխությունները, որոնք իշխանություններն այսօր առաջարկում են գյումրեցիներին, կարող են էապես բեկում մտցնել քաղաքի կյանքում։
– Սկսենք նրանից, որ ևս մեկ անգամ մեկ այլ որոշում պարտադրվեց Գյումրիում. այն է, որ պետք է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը օտարվեր քաղաքական դաշտից, և նոր դերակատար հայտնվեր՝ ի դեմս Սամվել Բալասանյանի։
– Այսինքն՝ արդեն վերջնական որոշված է, որ Վարդան Ղուկասյանը դուրս է գալիս քաղաքական դաշտից։ Բայց նա շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության անդամ, այսինքն՝ քաղաքականության մեջ է։
– Նրան թույլ չտրվեց առաջադրվել որպես աղաքապետի թեկնածու։ Նա շատ վիրավորված է…
– Եվ կարող է գնալ քրեական դաշտ, որտեղից դուրս էր եկել։
– Չշտապենք՝ արդյո՞ք դուրս էր եկել, որպեսզի վերադառնա։ Վերջերս աղմկոտ մի դեպք տեղի ունեցավ Գյումրիի կենտրոնում։
– Որտեղ ուղղակի փաստվեց, որ նրա որդին մասնակցություն է ունեցել։
– Այո, այս անգամ գոնե ոստիկանությունը արագ արձագանքեց։
– Այսինքն, եթե իշխանություններն ունենում են քաղաքական կամք ինչ-որ բան բացահայտելու, բացահայտում են։
– Այո, բացահայտում են, որ մարդն արժանի չէր այդ պաշտոնին։
– Նրան նույնիսկ զրկում են թիկնազոր ունենալու հնարավորությունից։
– Սա արդեն խաղարկված տարբերակ էր, որն, ի դեպ, միանշանակորեն չի ընդունվում Գյումրիում։
– Այսինքն՝ զոհի կերպար է ստանում այսօր Վարդան Ղուկասյանը և շատերի մեջ կարող է սրտացավություն ու կարեկցանք առաջացնել։
– Չենք կարող ժխտել, որ նրա կողմնակիցների մի բանակ կա։
– Ի՞նչ տարբերություն Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի միջև։
– Տարբերությունն այն է, որ Վ. Ղուկասյանը չի ներմուծվել ինչ-որ մեկի ձեռքով, նա իսկապես ընտրվել է, և մարդիկ հույսեր էին կապում նրա հետ։ Ղուկասյանը խոսում էր ժողովրդի լեզվով, պարզ էր, հասանելի։
– Իսկ Բալասանյա՞նը։
– Բալասանյանը՝ ոչ, նա խոսում է մշակված, ձևավորված տեքստերով, որոնք անկեղծ էլ չեն։ Ես որևէ ռեալ փոփոխություն չեմ սպասում։
– Գյումրեցուն ի՞նչ է հարկավոր։
– Ուզում է մի նոր շունչ, հավատ…
– Բայց գնում Մարտուն Գրիգորյանին են ընտրում, որն ունի քրեական անցյալ, որը քաղաքին որևէ դրական փոփոխություն չի բերելու։ Մայիսի 6-ին մարդիկ գնում՝ կաշառքով կամ առանց կաշառքի, ընտրում են քրեական հանցագործին, հանցագործ ընտանիքից սերված երիտասարդին։ Ինչո՞ւ, եթե փոփոխություն եք ուզում, ինչպե՞ս եք գնում հանցագործներին քվեարկում։
– Մենք պիտի հիշենք, թե ինչ հակադրություն կար այդտեղ՝ Մարտուն Գրիգորյան և Արման Սահակյան։
– Երկուսին էլ մերժեինք, ցույց տայիք, որ որևէ մեկին չեք ուզում։
– Դա է, որ, ցավոք, դեռ տեղի չի ունենում։
– Բայց Արման Սահակյանը հանցագործ չէր։
– Ոչ, հանցագործ չէր, բայց նա համագործակցում էր Վարդան Ղուկասյանի հետ։
– Այսինքն՝ Արման Սահակյանի պարտությունը կապում եք Վ. Ղուկասյանի՞ հետ։
– Այո, միանշանակ։
– Մարդիկ պատրաստ էին ձայն տալ հանցագործին, բայց միայն նրա համար, որ մարդը առնչություն ունի Վ. Ղուկասյանին և Հանրապետականին, նրան մերժեցին։
– Մենք չենք կարող ասել, թե Մարտուն Գրիգորյանը հանցագործ է. կան կապեր, աղերսներ հանցագործ աշխարհի հետ։ Սա ավելի շատ ակցիա էր Վ. Ղուկասյանի և Հանրապետական կուսակցության դեմ։
– Եվ կարծում եք, որ դա այսօր էլ գյումրեցիների համար ճի՞շտ որոշում էր։
– Գյումրեցին դեռ լիարժեք չի գիտակցում, թե ինքը ինչ ընտրություն է կատարել։ Իրեն թվում է, թե ինքն ընտրել է այն մարդուն, որը ինչ-ինչ ծախսեր է արել, ծերերի է օժանդակել, ի դեպ, չգիտեմ՝ ում միջոցներով, գործեր է արել, մարդկանց է օգնել։ Նրանք չեն կարծում, թե մարդը պիտի գնա խորհրդարան և օրենքներ մշակի ու ընդունի։
– Ընդհանուր տպավորություն կա, որ քաղաքում կշիռ ունեցող մի քանի ընտանիքներ կան, որոնցից են Մարտուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի ընտանիքները։ Բայց այդ կշիռ ունեցողների թվում չկա Սամվել Բալասանյանի ընտանիքը։ Ինչո՞ւ ընտրվեց Ս. Բալասանյանի թեկնածությունը։ Ամենահարմար թեկնածուն՝ քաղաքին ԲՀԿ-ին մեծամասնություն ապահոված և մեծամասնականով մեծ առավելությամբ ընտրված Մարտուն Գրիգորյանն էր։ Չե՞ք կարծում, որ այստեղ ներկուսակցական, Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» խարդավանքների արդյունքում գտնվեց Բալասանյանի նման թույլ մի թեկնածու առաջադրելու մեխանիզմը, որը ԲՀԿ-ի անվան ՀՀԿ-ն պարտադրեց և ստացավ իրեն շատ համար թեկնածու։ Իսկ մենք գիտենք, թե Բալասանյանը քանի կուսակցություն է փոխել իր կյանքում և ինչպիսի քաղաքապետ կարող է լինել՝ կառավարելի քաղաքապետ։ Ուստի, կորուստներ, մեծ հաշվով, Հանրապետականը չի ունենում, քաղաքն էլ ստանում է այն թեկնածուին, որը ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին է քվեարկել, և նրան էլ վերապահվում է քաղաքի ղեկավարումը, տնօրինումը։
– Համաձայն եմ, բայց մի փոքր շտկում պիտի անեմ։ Քանի որ մարդիկ իրենց ճանաչած անձի հետ են ընտրությունը կապում, Մարտուն Գրիգորյանին, մեծ հաշվով, ԲՀԿ-ի հետ չենք կապում…
-Իսկ ո՞ւմ հետ եք կապում՝ Դաշինքի՞, Սամվել Բաբայանի՞։
– Իր ընտանիքի հետ, որն ունի կշիռ, ցանց, ազդեցության շրջանակներ։ Իսկ Ս. Բալասանյանը չի ընկալվում որպես ԲՀԿ-ի թեկնածու, այլ՝ անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածու։ Մենք չպիտի սպասենք, որ Մ. Գրիգորյանի թևը շատ մեծ աջակցություն ցույց կտա այս ընտրությունների ժամանակ։
– Մոռանանք նրանց։ Առաջին անգամ այս երկրում դուք բացառիկ նախաձեռնությամբ եք հանդես եկել՝ «Քաղաքը մերն է», և կարծեմ, ձեզ հետ է նաև Լևոն Բարսեղյանը, որը ամենակարևոր դերակատարներից է։ Քանի՞ հոգի եք ևի՞նչ կարող եք անել։
– 7 հոգի ենք առաջադրվել, բայց մեզ հետ ավելի մեծ թիմ կա։
– Վարքականոն եք արդեն մշակել, քաղաքը զարգացնելու նոր մեխանիզմներ եք որոշել առաջարկել քաղաքապետին։
– Մենք հասկացանք, որ հնարավոր չէ հույսեր կապել միայն քաղաքապետի անձի հետ։ Մեծ լծակներ չունենք, բայց օրենքը մեզ հնարավորություն է տալիս մեծ ուժ ունենալ ավագանու ինստիտուտում։ Մենք որոշեցինք առաջադրվել ավագանու անդամ և փորձել ներսից փոփոխություն կատարել։
– Գյումրեցիները ձեզ ինչպե՞ս են ընկալում, դուք ո՞ւմ մարդն եք։
– Գյումրեցիները շատերիս վաղուց գիտեն, գիտեն, որ մենք անկաշառ ենք, լռողը չենք, և նրանց մեջ հույս է արթնացել, մի վերջին հույս, որը եթե ձախողվի, Գյումրին կարող ենք համարել կորսված։
– Ի՞չ պետք է անել, որ չձախողվի, որ այդ 7-ը բազմապատկվի, որովհետև 7-ով չեք կարող փոփոխություններ կատարել։ Հստակ է, որ ներմուծված թեկնածուներ կան, նույնիսկ հասցե չունեցողներ կան, տուն չունեցող մարդիկ են ներմուծել իշխանությունները։ Վերջիններս հասկացել են այն վտանգը, որ կարող է ձեզնից գալ, զգացել են և պայքարում են դրածո թեկնածուների միջոցով, որպեսզի հնարավոր լինի ձեր մուտքը կասեցնել։
– Այդպես է, բայց ավագանու մեջ պետք է բազմազանություն լինի։
– Քաղաքական կուսակցությունները ի՞նչ դիրքորոշում ունեն ձեր նկատմամբ։
– Պաշտոնական հայտարարություն արել է «Ժառանգությունը», մեզ հետ զրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել քաղաքապետի Դաշնակցության թեկնածուն։ Մեր կողքին կանգնած են մեզ ճանաչող մարդիկ։
– Կոնգրեսը ինչո՞ւ չի կանգնում ձեր կողքին։
– Կոնգրեսից ուղերձ չենք ունեցել, նրանց կողմից աջակցություն չեմ տեսնում։
– Սամվել Բալասանյանի կողմից ձեր ուղղությամբ կա՞ն քայլեր, շարժումներ՝ ձեզ գնելու, փող առաջարկելու։
– Ս. Բալասանյանն էլ է ճանաչում մեր թիմի մի քանի անդամների, փաստորեն չի ստացվում մեր «գործարքը»։
– Ինչպե՞ս փոխել Գյումրին, ինչի՞ց ազատվել։
– Մեր խմբի առաջին քայլը լինելու է ավագանու գործունեության հրապարակայնության ապահովումը։ Մարդիկ վերջապես պետք է տեսնեն և մասնակցեն քննարկումներին։
– Ի՞նչ մեխանիզմներով եք քաղաքապետարանի դռները բացելու մարդկանց առաջ, որ նրանք գան և մասնակցեն որոշումների կայացմանը և իրագործմանը։
– Ես դա տեսնում եմ տարբեր փորձագիտական խմբերի հետ համագործակցության ձևով։ Մենք ունենք 45 էջանոց ծրագիր, որը 15-20 տարվա համար է նախատեսված։ Գիտեմ, որ շատ ուշ է, որովհետև քաղաքի կեսը լքել է արդեն, հիմա էլ լքում են, բայց մենք պիտի փորձենք ինչ-որ կերպ կանխել դա։ Գործունեության թափանցիկության և կոռուպցիայի ռիսկերի նվազման դեպքում, վստահ եմ, որ ներդրումների հոսք կլինի։ Մենք ունենք միջոցները խնայողաբար և արդյունավետ օգտագործելու, առաջնահերթությունները որոշելու, այլընտրանքային գումարներ հայթայթելու խնդիրներ։ Գյումրին կարող տուրիստական հրապուրիչ կենտրոն դառնալ։ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը սեպտեմբերի 10-ից չի դադարեցնելու իր գործունեությունը, այլ պիտի դառնա հիմնադրամ և շարունակի գործել։ Մի մասը կմնա ավագանու մեջ, մյուս մասն էլ կգործի որպես հիմնադրամ։
– Ես իսկապես հավատում եմ, որ դուք քաղաքին հույս կբերեք, և քայլ առ քայլ փոփոխությունները տեսանելի և շոշափելի կլինեն։ Շնորհավորում եմ նախ նախաձեռնությունը հռչակելու համար և վստահ եմ, որ պիտի շնորհավորեմ նաև ձեր 7-ի հաղթանակի համար։








































