Թյուրինգիայի իշխանություններն առաջարկել են Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը ներառել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում: Այս նախաձեռնությամբ է հանդես եկել Թյուրինգիայի մշակույթի նախարար Քրիստոֆ Մաչին, ում կարծիքով՝ այդ համակենտրոնացման ճամբարը 20-րդ դարի պատմության ընթացքում ազգային-սոցիալիզմի կայացման ճանապարհին կատարված ոճրագործությունների լավագույն վկայություններից մեկն է: Մաչին առաջարկը ներկայացրել է Գերմանիայի մշակույթի նախարարների համաժողովին, որտեղ էլ որոշվելու է, թե որ երկու հուշարձաններն են ընդգրկվելու ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում:
1937-1945 թթ. Բուխենվալդը ծառայել է որպես նացիստական համակենտրոնացման ճամբար: Այդ ընթացքում այստեղ սպանվել կամ մահացել է 56 000 մարդ: Բուխենվալդի բանտարկյալներն ազատ են արձակվել 1945 թ. ապրիլի 11-ին ամերիկյան զորքի կողմից:
Հավելենք, որ այս պահին ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցուցակում ընդգրկված է մեկ համակենտրոնացման ճամբար` Օսվենցիմը:









































