Մոսկվայի «Տրիումֆալնայա» հրապարակում ձերբակալել են «Ուրիշ Ռուսաստան» չգրանցված կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովին, ով եկել էր «Ռազմավարություն 31»-ի ցույցին, հաղորդում է “Интерфакс”-ը:
Լիմոնովի հետ ձերբակալել են նաև ակցիայի մի քանի մասնակիցների, այդ թվում՝ նաև «Ձախ ճակատի» ակտիվիստներին, ցույցի կազմակերպիչներից մեկին`Կոնստանտին Կոսյակինին:
Ակցիային ներկա գտնվողները Twitter-ում գրում են, որ Լիմոնովին ձերբակալել են անմիջապես հրապարակում հայտնվելուց հետո: Թե որքան մասնակից է ձերբակալվել, հայտնի չէ, սակայն, ականատեսների խոսքերով՝ ձերբակալությունները շարունակվում են:
«Ռազմավարություն 31»-ի ակցիան, որն օգոստոսի 31-ին տեղի է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում, ևս ուղեկցվել է ձերբակալություններով: Ակցիային մասնակցել է մոտ 10 մարդ: Ինչպես Մոսկվայի ցույցը, այնպես էլ այս ակցիան համաձայնեցված չի եղել տեղի իշխանությունների հետ:









































