Այս տարի հանրակրթական դպրոցներից միջազգային օլիմպիադաների մասնակցած 15 երեխաներից 10-ը վերադարձել են մեդալներով, մնացածը բերել են գովասանագրեր:
«Հոկտեմբերին էլի օլիմպիադաներ կլինեն, մենք համոզված ենք, որ անպայման մեդալներով կվերադառնան մեր երեխաները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Խոսելով դպրոցներում մտցված շախմատ առարկայի մասին՝ բանախոսն ասաց, որ այժմ հանրակրթական դպրոցներում շրջանառության մեջ են դրվել նոր դասագրքեր, կա անհրաժեշտ գույք՝ դասընթացներն ինտենսիվ անցկացնելու համար:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ ավագ դպրոցները գտնվում են նախարարի անմիջական հսկողության ներքո. «Այս տարի, մեր հարցումների համաձայն, առանց կրկնուսույցի մոտ պարապելու բուհ է ընդունվել շրջանավարտների 25-30 տոկոսը: Հանրապետությունում գործող 107 ավագ դպրոցներում խիստ վերահսկվում են հաճախումները և մատուցվող առարկայի որակը»:
Նշենք նաև, որ բոլոր դպրոցներում 1-4-րդ դասարանի աշակերտներին գրքերը տրամադրվում են անվճար, բարձր դասարանների համար գործում են զեղչեր կամ անվճար համակարգ բոլոր այն դեպքերում, երբ ընտանիքը սոցիալապես անապահով է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo֊ի










































