«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը երեկ կայքերից մեկին ասել էր, թե կուսակցության ներսում տրամադրություններն այնպիսին են, որ «Ժառանգությունը» պետք է մասնակցի 2013-ի նախագահական ընտրություններին և որպես նախագահի թեկնածու պետք է ներկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն:
Կարո՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը դառնալ ընդդիմության միասնական նախագահի թեկնածու և ընդհանրապես` միասնական թեկնածու 2013-ին կարո՞ղ է լինել, թե` ոչ: Սույն հարցի շուրջ երեկ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ընդդիմադիր մի քանի ուժերի ներկայացուցիչների հետ: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ընդհանրապես, եթե քաղաքական ուժերը շահագրգռված են միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու հարցում, ամենամեծ սխալը, որը որևէ քաղաքական ուժ կարող է անել, այն է, որ որպես այդպիսին առաջարկի սեփական կուսակցության լիդերին: Նման հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների, համաձայնությունների, ընդհանուր սկզբունքների մշակման հիման վրա: Իսկ այդպիսի համաձայնեցման բանակցային գործընթացից առաջ հանդես գալ սեփական թեկնածուի առաջադրումներով, նշանակում է` հենց սկզբից փակել դուռը միասնական թեկնածուի կայացման համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես միասնական թեկնածուի կայացման հարցին, ըստ Զուրաբյանի, Կոնգրեսը դա համարում է մի փոքր արհեստածին հարց, քանի որ միասնական թեկնածու` ֆորմալ առումով երբեք չի կարող լինել, որովհետև միշտ էլ կգտնվեն ինչ-որ կուսակցություններ, որոնք չեն միանա միասնական թեկնածուի պաշտպանության գործին, և այդ փաստը կշահարկվի իշխանությունների կողմից` որպես ընդդիմության «ձախողում»: «Այսինքն, սա արհեստածին գաղափար է, որը ավելի շատ շահարկվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից` ցույց տալու, իբր, ընդդիմության պառակտվածությունը և թուլությունը: Իրականում ավելի կարևոր է ոչ թե միասնական թեկնածուն, այլ հզոր թեկնածուն, որը կարող է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, այսինքն, անել այն, ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին»:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում «Ժառանգության» ներկայացուցչի հայտարարությանը, և տարօրինակ կլիներ, եթե նա այլ կուսակցության լիդերի մասին նման բան ասեր: Այդուհանդերձ, որքանո՞վ է հավանական, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա ընդդիմության միասնական թեկնածուն. «Հավանականությունների մասին ես հիմա տեսակետներ չեմ կարող ասել: Թե ով կլինի հավանականը, ցույց կտա ժամանակը»: Սարգսյանն ասաց, որ այս պահին կոնկրետ իր առաջադրումը համարում է ոչ նպատակահարմար, սակայն չբացառեց, որ հասարակական-քաղաքական իրավիճակներն այնպիսի զարգացումներ ունենան, որ իր մասնակցության ձևի մասով հետագայում տեսակետ հայտնի. «Եթե լինի այդպիսի իրավիճակ, և հասարակության մոտ իմ առաջարկը, իմ անձը կարող է հույս ներշնչել, փոփոխության հնարավորություն ընձեռել, ես պատիվ կհամարեմ և սրբորեն կլծվեմ այդ գործին»: Արամ Սարգսյանը, սակայն, չի կարծում, որ այսօր պետք է միասնական թեկնածուի հարց քննարկվի. «Ընդդիմությունը պետք է ունենա թեկնածու: Նախագահական ընտրությունների ժամանակ միշտ էլ թեկնածուներ առաջադրվել են, այդ առաջադրումից հետո հասարակությունը որևէ մեկին տվել է առավելություն, և այդ առավելություն ունեցած թեկնածուն մասնակցել է ընդհանուր ընդդիմադիր հասարակության շահը ներկայացնելով: Այդ թեկնածուի պարագայում էլ էլի հասարակության մի մասը այլ թեկնածուներ է ունեցել, և ընդհանրապես միասնական թեկնածուի գաղափարը համարում եմ հնարովի և շինծու»: Ըստ նրա` 2013-ի նախագահական ընտրություններում էլ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին 2003-ին կամ 2008-ին, երբ Ստեփան Դեմիրճյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը դարձան ամբողջ հասարակության թեկնածուն:
Երեկ «ՀԺ»-ն զրուցել է նաև «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ, որը, ի տարբերություն Արամ Սարգսյանի, արդեն հայտարարում է, որ պատրաստվում է առաջադրվել 2013-ի նախագահական ընտրություններում: Ըստ ՆԺԿ նախագահի, ընդդիմության միասնական թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում լինել չի կարող. «Իմ կարծիքով, միասնական թեկնածուի գաղափարը իշխանության հերթական խարդավանքն է: Միասնական թեկնածու Հայաստանում ընդդիմությունը միշտ ունեցել է ընտրությունների 2-րդ փուլում, եթե 1-ինում միանգամից չի պարտվել: Կասեն` միասնական թեկնածու, հետո կասեն` տեսա՞ք, չստացվեց, չեն կարողանում պայմանավորվել: Կառաջադրվեք, եթե գրանցեն, և կսկսենք իշխանություններին ուժեղ քննադատել, եթե, իհարկե, իսկական ընդդիմություն են մնացածները: Ամեն ինչ պիտի անել, որ մինիմում հարցը գնա 2-րդ փուլ: Այդ ժամանակ էլ կարելի է ամեն ինչ պայմանավորվել իրար հետ (նկատի ունեմ` ճիշտ ընդդիմադիր թեկնածուներով)»:









































