Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է մեկ ամիս հետո գալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեա, որպեսզի «աշխարհին պատմի ողջ ճշմարտությունը» իրանական վարչակարգի և դրանից բխող սպառնալիքների մասին:
«Ես կգնամ ՄԱԿ Գերագույն ասամբլեա և այնտեղ աշխարհին կպատմեմ ճշմարտությունն Իրանի ահաբեկչական վարչակարգի մասին, որը մեծ վտանգ է ներկայացնում միջազգային հանրության համար»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ սեպտեմբերի 27-30-ին Նյու Յորք գնալու որոշումը կայացվել է Չմիավորման շարժման գագաթաժողովի ազդեցության տակ, որն անցկացվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում և որտեղ Իսրայելի հասցեին հնչում է քննադատություն:
«Այսօր Թեհրանում 120 երկրի ներկայացուցիչներ լսում էին արյունալի զրպարտություններ ընդդեմ Իսրայելի և լռում էին: Լռությունը պետք է դադարեցվի»,- ասել է Նեթանյահուն:
Ավելի վաղ Նեթանյահուն դատապարտել էր գագաթաժողովին մասնակցելու հրավերն ընդունած երկրներին և շնորհակալություն էր հայտնել այն երկրներին, որոնք իրենց պատվիրակություններին չէին ուղարկել Թեհրան:
Չմիավորման շարժման գագաթաժողովին ժամանել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ԶԼՄ-ների փոխանցմամբ` Պան Գի Մունն իրանցիներին կոչ է արել ապացուցել միջուկային ծրագրի խաղաղ լինելու բնույթը և դատապարտել է հակաիսրայելական հռետորությունը:










































