Հյուսիսկովկասյան ընդհատակը պնդում է, որ զինված խմբավորումը, որի դեմ հատուկ գործողություն է իրականացվում Վրաստանի Թելավի շրջանում, «Իմարատ Կովկասի մոջահեդներ» են: Այս մասին հայտարարել է ընդհատակի դաղստանյան թևի ղեկավարությունը, հաղորդում է vdagestan.com կայքը:
Համաձայն տարածված հաղորդագրության` «մոջահեդները չեն պատրաստվում ոչ մի գործողություն անցկացնել Վրաստանի տարածքում, քանի դա իրենց պլանների մեջ չի եղել, իսկ եթե ցանկանային, հեշտությամբ կիրականացնեին»:
Դաղստանի ընդհատակը հայտարարում է նաև, որ իրենց խմբավորումը պատանդներ չի վերցրել` ստելու ու դավաճանության մեջ մեղադրելով վրացական կողմին:
Իմարատի դաղստանյան թևի ղեկավարությունը ոչինչ չի հայտնում, թե ինչու են իրենց զինյալները խախտել պետական սահմանը ու այդքան խորացել Վրաստանի տարածքում (շուրջ 20 կմ) ու թե ինչու են հրաժարվել հանձնվել վրացական իշխանություններին:








































