Էստոնիայի պաշտպանության նախարարության ռազմական հրամանատարությունը ստուգում է անցկացնում զորամասերից մեկում «դեդովշչինայի» դեպքի բացահայտման փաստով:
Էստոնիայի մայրաքաղաքում տեղակայված ճամբարում երկու զինծառայող ենթարկվել են դաժան ծաղրի. երիտասարդներին ստիպել են փորել սեփական գերեզմանը:
Հրամանատարությունը երկար ժամանակ փորձել է թաքցնել դա, ու պաշտոնապես մինչ այժմ դեպքը չի հաստատվել:
Սակայն դեպքը, որն արդեն մեծ հնչեղություն է ստացել հասարակության մեջ, ստիպել է հրամանատարությանը հետաքննություն սկսել ու տուժած զինծառայողներին հեռացնել «դեդ»-երից:
Դեպքը պատահել է Տալլինի Մյաննիկու միկրոշրջանի դաշտային ճամբարում դեռ օգոստոսի կեսերին, և միայն նոր է դրա մասին հայտնի դարձել:
Օգոստոսի 13-ի գիշերը ժամկետային երկու զինծառայող` ռուս միլիոնատեր գործարարի երկվորյակ որդիները, որոնց անունները չեն հրապարակվում, կոչումով իրենցից ավագների թելադրանքով կատարել են մի շարք անհատական վարժություններ: Դրա կուլմինացիան է դարձել իրենց համար գերեզմաններ փորելը ավտոմեքենաների լուսարձակների ներքո: Այս մասին հաղորդում է Postimees-ը:
Էստոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ` եղբայրներին «առողջական վիճակի» պատճառով ուղարկել են ռեզերվ:








































