Վենեսուելայի` Բրազիլիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող արևադարձային անտառներում տեղակայված Իորտատերի բնակավայրում զանգվածային սպանության հետևանքով, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 80 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: РБК-ի փոխանցմամբ`Յանոմամի հնդկացիներին ներկայացնող Horonami Yanomami խումբն արդեն գյուղի բնակիչների մահվան հանգամանքները քննելու խնդրանքով դիմել է Վենեսուելայի կառավարությանը:
Կասկած կա, որ սպանությունը կրել է զանգվածային բնույթ, որից պատահաբար հաջողվել է խուսափել 3 հնդկացու. հարձակման պահին նրանք անտառում որսորդությամբ են զբաղվել:
Փրկվածներն իրենց ցեղակիցների սպանության մեջ մեղադրում են հանքափորներին. հարևան Բրազիլիայից. նրանք, իբր, լսել են կրակոցների, պայթյունների և ուղղաթիռի ձայներ: Ուղղաթիռը բրազիլացիները երբեմն օգտագործում են բեռներ փոխադրելու համար` ճշգրտել է խմբի ղեկավար Լուիսա Շատիվե Ահիվեյը:
Խմբի ներկայացուցիչները հարձակման պատճառը համարում են այն փաստը, որ խմբի որոշ անդամներ հանքափորներից «փրկել են յանոմամի կանանց»:
Վենեսուելայի իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատել հնդկացիների ասածները, սակայն հայտնել են, որ կսկսեն հետաքննել կատարվածը:
Յանոմամին Ամազոնի ավազանի ամենամեծաթիվ բնիկ ժողովուրդներից է: Նրանց թիվը հասնում է մոտ 30 հազարի: Նրանք ապրում են վենեսուելա-բրազիլական սահմանի երկու կողմերում, պահպանել են իրենց լեզուն և ավանդույթները:










































