Գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է Վրաստանի սամբոյի հավաքականի մարզիչ, սամբոյի աշխարհի երկակի չեմպիոն և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Արչիլ Չոխելին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս-վրացական սահմանի շրջանում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ 11 գրոհային է ոչնչացվել: Մարտերի ընթացքում զոհվել են 3 վրացի հատուկջոկատայիններ, այդ թվում` Չոխելին: Վրացի 5 զինծառայողներ վիրավորվել են:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ սահմանի դաղստանյան հատվածում իրականացված օպերացիայի ժամանակ ազատ են արձակվել մի քանի պատանդներ: Ազատված պատանդների թվի մասին հստակ տեղեկություն չկա:
Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը` հղում անելով ոչ պաշտոնական տեղեկություններին, հայտնում է, որ Դաղստանից Վրաստանի տարածք էր ներխուժել զինված գրոհայինների խումբ: Նրանք պատանդ էին վերցրել մի քանի տեղացի բնակիչների, որոնց մի մասին հաջողվել է ազատել:









































