«Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հետախուզում է հայտարարել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ: Երեկ` կեսգիշերի դրությամբ քաղաքապետի զավակը դեռ չէր հայտնաբերվել:
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ հետախուզումը հայտարարվել է օրերս Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետ կապված քրեական գործի շրջանակներում: Նույն գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկը, իսկ ինքը` Ղուկասյանը, զրկվել է թիկնազոր ունենալու իրավունքից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և նկատում.
«Ղուկասյանների կլանի մասնակցությամբ կրակոցները մեծ հաշվով արտառոց չեն Գյումրիի համար, և նմանատիպ աղմկոտ միջադեպեր այստեղ եղել են պարբերաբար: Բայց միայն հիմա` Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից օրեր առաջ է «գործին ընթացք տրվում»: Իսկ սա նշանակում է, որ գալիք տարիներին Ղուկասյաններին փոխարինելու եկող կլանը նույնպես կարող է անպատիժ կրակել, սպանել, թալանել` մինչև «պապայի» պաշտոնանկությունը»:








































