Ստեփան Սաֆարյանն այսօր ասաց, թե ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը հետաձգելով` ոչ մի քաղաքական ուժ չտուժեց, պարզապես գտնվեց կոմպրոմիսային տարբերակ:
«Կոմպրոմիս է կայացվել հանուն գաղափարի ու խնդրի, քանի որ գտնվել է մի տարբերակ, որը բավարարել է բոլորին. նախագիծը ներառված է ԱԺ թե՛ մեծ, թե՛ փոքր օրակարգ»,- ընդգծեց նա:
«Տվյալ պարագայում խնդիրն աստիճանաբար առաջ տանելու ու տրամաբանական լուծմանը հասցնելու մեջ է,- ավելացրեց Ս.Սաֆարյանը,- այնպես որ` սխալ են նաև այն պնդումները, թե երեկվա քվեարկությունից տուժեց այս կամ այն քաղաքական ուժը»:
«Անկախ նրանից, թե խորհրդարանում կամ դրանից դուրս ցանկալի կամ անհեթեթ գնահատականներ կհնչեն կատարված հետ կապված, դա չէ էականը: Մեզ համար էական է, որ խնդիրը հասցվի իր ավարտին»,- հավելեց «Ժառանգության» ներկայացուցիչը:









































