Նոր ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերի 1-ին, անհամբեր սպասում են ոչ միայն ուսման ծարավ աշակերտները, այլև… ծաղկավաճառները:
«Առաջին լրատվական»-ը պարզեց, որ սեպտեմբերի 1-ին նախորդող ժամանակաշրջանում ջերմատներից դադարել են մայրաքաղաքի ծաղկի վաճառման կետեր առաքել հոլանդական վարդեր՝ դրանք պահելով սեպտեմբերի 1-ին ավելացող պահանջարկը բավարարելու նպատակով:
«Փոթորկին» նախորդող շրջանում հոլանդական 1 վարդը, կախված ցողունի երկարությունից, գույնից և այլն, վաճառվում է սկսած 2000 դրամից: «Հիմա վարդեր չեն բերում ջերմատներից, սպասում են սեպտեմբերի 1-ին: Առավոտ գնացել էինք, չէին տվել»,- մեզ հետ զրույցում պատմեց ծաղկավաճառներից մեկը:
«Վարդերի աշխարհ» կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ այժմ էլ վարդեր առաքում են և 80-90 սմ երկարությամբ 1 հոլանդական վարդն արժե 1700 դրամ: Միաժամանակ կազմակերպությունից հաստատեցին, որ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ վարդերը կթանկանան, բայց թե որքա՞ն՝ դժվարացան պատասխանել. «Հավանաբար 100-200 դրամով»,- ասացին: Մասիսում գտնվող մի քանի ջերմատներից ևս գրեթե նույն տեղեկությունը ստացանք, միայն մեկում ասացին, որ վարդերը «պահում են» այդ կարևոր օրվա համար:
Թե որքանո՞վ հոլանդական 1 վարդը կվաճառվի սեպտեմբերի 1-ին, դժվարացան պատասխանել նաև ծաղկավաճառները. «Օրը կգա, նոր կիմանանք, հիմա չենք կարող ասել»:
Հարկ է նաև նշել, որ տեղական, կարճ ցողունով և փոքր գլխիկներով վարդերը թանկանալու «ցանկություն չունեն»: Վաճառողներից մեկը մեզ հայտնեց, որ անկախ օրը տոնական է, թե ոչ, իրենք 1 փունջը՝ 20 հատը, վաճառում են 2000-3000 դրամով:









































